Ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույց էին անում. նրանք պահանջում էին հանրային քննարկում իրականացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել խնդիրները: Ցույցը բազմամարդ էր, մասնակիցները փորձում էին պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ցույցի մասնակիցներն ասում էին՝ պարետատան որոշումը՝ 5-ից ավելի անձանց փակ տարածքներում գտնվելու արգելքը, ռեստորանների բիզնեսին վնասում է. «20 հոգու համար էլ ռեստորան աշխատացնելը նույնիսկ օդափոխության ծախսերը չի հանի: Ավելի լավ է` էդ ռեստորանը փակ մնա, որովհետեւ ռեստորանը շահույթ չի ունենա, որեւէ մեկին ձեռնտու չէ»:
Մեկ այլ ցուցարարի ներկայացմամբ էլ. «Ամեն 20 քմ-ում թույլատրվում է 10 հոգի, իսկ ասենք ռեստորանի տարածքը 200 քմ է, բնականաբար այդտեղ 60-70 հոգի կարող է նստել, բայց ամեն սեղանին 4-5 հոգի, այդ դեպքում ինչո՞ւ հենց այդ արտահայտությունը՝ 5 հոգուց ավել միջոցառում չի կարելի անել, սա անիմաստ է»:
Ցուցարարների խոսքով՝ պարետատունը գոնե հստակ մի բան ասի՝ երբ ամբողջությամբ կարող են աշխատել ռեստորանները, որպեսզի աշխատակիցները՝ մատուցողները, երաժիշտները, հանդիսավարները, խոհարարները հասկանան իրենց հետագա քայլերը:

Կարդացեք նաև
Մի ռեստորանի սեփականատեր էլ պարետատանը խնդրեց սահմանափակումները մի քիչ մեղմացնեն. «Մեզ շատ են դիմում, որ 10-15 հոգով ուզում ենք ծնունդ անենք, կնունք անենք, ասում ենք՝ ոչ, չենք կարող անել: Իսկ սա նշանակում է` չենք կարող աշխատել: Շատ պատվերներ ենք չեղարկել, կանխավճար էին տվել, հիմա ուզում են գան իրենց միջոցառումը անեն»:
Ցուցարարներին մոտեցան ոստիկաններ, տեղեկացրեցին՝ երեք անձով կարող են գնալ կառավարություն՝ հանդիպման, իսկ մնացած ցուցարարները պետք է լքեն տարածքը, հակառակ դեպքում` դա կդիտարկեն օրենքի խախտում: Ցուցարարներից չորս անձի թույլատրեցին ներս մտնել կառավարության շենք՝ խնդրի քննարկման համար:
Ոստիկանները ցույցի մասնակիցներից մեկին նստեցրին ոստիկանական մեքենան, հավանաբար բերման ենթարկելու նպատակով:

Կառավարության շենքի մոտ էին ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գեւորգ Գորգիսյանը, որոնք լսեցին ցուցարարների պահանջը:
Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե բոլոր ոլորտները բացվում են, ռեստորանների փակ պահելու իմաստը չի տեսնում:
Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ գիշերային ակումբների խնդիրն էլ չի լուծվում, քսանից ավելի պարուհիներ կան, որոնք դրսից են եկել, նրանց տան վարձն են տալիս, սնունդով ապահովում, բայց թռիչք կա եւ նրանք չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք:
Ռեստորանների հայկական միությունն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի միությունը որեւէ առնչություն չունի այս ցույցի հետ, եւ միության անդամները չեն մասնակցել ցույցին:
Ավելի ուշ ցույցի մասնակիցներից, հանդիսավար Վարդան Խաչատրյանը, որը եւս մասնակցել էր կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը, ասաց. «Գնացել էինք մեր առաջարկությունը ներկայացնելու, խումբ ենք կազմելու՝ հանդիսավար, նկարահանող խումբ եւ նրանք, ովքեր կապ ունեն ոլորտի հետ, հետո ընդհանուր առաջարկներ կներկայացնենք: Պարետատունը ուզում է աշխատենք: Մենք մեր առաջարկություն ենք ներկայացրել՝ դուխով բացեք ռեստորանները, պատասխանատվությունը միայն ձեր վրա չէ, մենք էլ ենք պատասխանատու»:
Ցուցարարները հեռացան կառավարության շենքի մոտ, նշելով՝ առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ




















































