Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Այսօր, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելն` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, երեկ արձանագրվել է 335 նոր դեպք:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ շրջանառվող այն լուրերին, թե հիվանդների հարազատներին գումար են առաջարկում, որպեսզի մահվան պատճառը գրեն կորոնավիրուս:

Փաշինյանն ասաց, որ կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում, որեւէ «մանիպուլյատիվ գործողություն եւ տեղեկություն չի փոխանցել հանրությանը»:
Կարդացեք նաև
Վարչապետի խոսքով, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել եւ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ պահելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ միջոցառումների:
«Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել եւ, այս համատեքստում պիտի ավելի ուշադիր լինենք, որովհետեւ քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված սոցցանցերում՝ ինչու, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում»,-նշեց Փաշինյանը: Ըստ նրա, պետական կառավարման մարմիններում մարդիկ առանց դիմակի կարող են լինել, երբ իրենց աշխատասենյակում միայնակ են. «Պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի եւ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության: Ես, երեկ երեկոյան տուն վերադառնալիս, նկատեցի որ տաքսիների մեջ ո՛չ վարորդները, ո՛չ առավել եւս՝ հաճախորդները, չեն պահում այդ կանոնները, ինչը նույնպես փակ տարածք է»:
Վարչապետի խոսքով, տեսչական մարմինները եւս պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն կանոնները չպահպանող ընկերությունների նկատմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































