Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ԵՏՄ-ի հետ կապված «2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Վարոս Սիմոնյանն ասաց. «Այն ապրանքատեսակները, որոնք արդեն իսկ ներմուծվում էին ԵՏՄ տարածքից, արտոնյալ ժամանակահատվածը թույլ էր տվել ՀՀ-ին ու տնտեսվարողներին ձևավորել այնպիսի արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը: Այս 5 տարի ժամանակահատվածն ու մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էին ունենում գների թանկացման վրա: Այնուամենայնիվ, իրականացված աշխատանքների արդյունքում 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ Բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների՝ առաջին դեմքերի կողմից որոշվեց, որ ՀՀ-ի արտոնությունները եւս մեկ տարով երկարացվեն: Համանման որոշում կայացվեց նաեւ Ղրղզստանի համար»:
Սիմոնյանն ընդգծեց, որ արտոնությունների երկարաձգումը չի տարածվելու տրանսպորտային միջոցների վրա, իսկ դրանք մոտ 900 ապրանքատեսակների մեջ 293-ն էին, այսինքն, ընդհանուր առմամբ մոտ 647 ապրանքները եւս մեկ տարի ավելի ցածր մաքսային սակագներ են ունենալու: Խոսքը հետեւյալ ապրանքատեսակների մասին է՝ ընտանի թռչնի միս, կարագ, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միս, արեւածաղկի ձեթ, մարգարին եւ այլն: Այսինքն, սպառողական զամբյուղի ապրանքները, որոնք ունեն սոցիալական նշանակություն:
Կարդացեք նաև
Այս արտոնությունը մեկ տարով երկարացնելու պայմաններում, ըստ հաշվարկների, որոշ պարենային եւ արդյունաբերական նշանակության ապրանքների գները միջինում կնվազեն մոտ 3 տոկոսով եւ ՀՀ տնտեսվարողներն առնվազն կտնտեսեն մոտ 30 մլն դոլար: Սա այն գումարն է, որը ստիպված պետք է լինեին վճարել՝ որպես մաքսատուրք: ՀՀ բյուջե այս 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն էր գալու:
Սիմոնյանը նաեւ ասաց, որ անցած տարվա նկատմամբ հավի մսի արտադրությունը 11 տոկոսով աճել է, բրինձ չենք արտադրում, բայց Վիետնամի հետ Ազատ առեւտրի համաձայնագիր ունենք ու երկարահատիկ բրնձի քվոտա:
Կորոնավիրուսի այս պայմանները ստիպել են որոշ վերլուծություններ անել ու պարզել են, որ ԵՏՄ-ն ինքնաբավ միություն է, երկրները կարող են իրար հետ համագործակցել, մեկից թռչնի միս ներմուծել, մեկից՝ գյուղմթերք ու պարենի դեֆիցիտ չունենալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































