Արսեն Ջուլֆալակյան. «Պարետ Ավինյանը փորձում է լավ բան անել, բայց հարց է առաջանում՝ ո՞վ է կոնկրետ սպորտի գծով խորհուրդներ տալիս, որ լուծումները թերի են ստացվում»
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին առաջարկեց խոսել մենապայքարային մարզաձեւերի հավաքականներում տիրող իրավիճակի մասին:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գլխավոր քարտուղար, «Օլիմպավանի» տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը ձեւակերպեց հստակ. «Կոնտակտային մարզաձեւերը շատ վատ վիճակում են: Այնտեղ հնարավոր չէ հնարք կատարել առանց միմյանց բռնելու, գրկելու, ինչը կորոնավիրուսի պայմաններում ընդհանրապես չի թույլատրվում: Հիմա պարետի թույլտվությամբ դա կարելի է միայն հավաքականի անդամներին: Մենք հավաքականների անդամների հետ աշխատում ենք, բայց ոչ լիարժեք: Չենք կարող հավաքական թիմը հավաքել մեկ տեղում: Նրանց հետ աշխատում ենք տարբեր վայրերում, ինչը արդյունավետ չէ: Տղաներն այնքան ուժային վարժություններ են արել, որ արդեն ոչ տատամին են զգում, ոչ գորգը, ոչ էլ մրցակցին»:
Արսեն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ ինքը միջազգային կոնֆերանսների մասնակցելիս հանդես է եկել ըմբշամարտին վերաբերող առաջարկներով, որը կարելի է տարածել կոնտակտային մյուս մարզաձեւերի վրա նույնպես: Եվ պարզվել է, որ իր առաջարկածին նմանվող ձեւաչափ համավարակի հենց առաջին օրերին արդեն կիրառել է Չինաստանը, իսկ ԱՄՆ-ի ֆեդերացիայի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ իր առաջարկը հնարավոր է՝ կիրառեն իրենց երկրում: «Դուք որպես ամեն մեկդ ձեր մարզաձեւի մասնագետներ, խնդրում եմ, ասեք՝ հնարավոր համարո՞ւմ եք իմ այս առաջարկը Հայաստանում կիրառել: Ես առաջարկում էի, որպեսզի բոլոր տարիքային խմբերի պրոֆեսիոնալ մարզիկներին՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, նախապես թեստավորենք որեւէ մի կլինիկայում: Բացասական պատասխանների դեպքում նրանց մեկուսացնենք տարբեր մարզաբազաներում կամ հյուրանոցներում, որտեղ կա ֆիթնես: Այդպես նրանք լրիվ մեկուսացված կլինեն արտաքին աշխարհից, հանրության հետ շփումներից: Կշփվեն միայն իրար եւ բազայի կամ հյուրանոցի սպասարկող անձնակազմի հետ: Խոսքը փոքր հյուրանոցների մասին է, որտեղ կլինի ֆիթնես՝ դահլիճային պայմաններ ստեղծելու համար եւ լինի բնությանը մոտ՝ բացօթյա մարզվելու համար: Ըստ ձեզ, այս ձեւաչափը կարո՞ղ է կիրառվել ձեր մարզաձեւերում: Եթե այո, որքա՞ն արդյունավետ կլինի դա»,-հետաքրքրվեց Ջուլֆալակյանը:
Թաթուլ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ: Մենք հենց «Օլիմպավանում» կարող էինք նրանց մեկուսացնել: Ես զարմանում եմ, թե ինչի լողավազանները, որ անկախ ամեն ինչից միշտ էլ պարտադիր ախտահանվել են քլորով, պինդ փակել էին: Մի բան կասեմ. շատ ենք հետ ընկնում օլիմպիական խաղերից: Կրկնում եմ, «Օլիմպավանում» կարող ենք մենապայքարային մարզաձեւերի հավաքականներին, այն մարզիկներին, որոնք պատրաստվում են օլիմպիական խաղերին, մեկուսացնել: Ես զարմանում եմ, որ հիմա էլ դոպինգ սպաներ են գալիս մեր մոտ: Եթե նրանք գալիս են, առողջապահության ներկայացուցիչներին էլ «Օլիմպավանում» կարող ենք տեղ հատկացնել: Թող մնան, հետեւեն պահանջների կատարմանը»:
Մասնագետները տեղեկացրին, որ պարետի որոշումների մեջ բավականին շատ հակասություններ կան, որոնք թուլ չեն տալիս շատ բաներ հստակ հասկանալ: Բացի դա, ֆինանսական վճարումների առումով օրենքների հետ խնդիրներ կան, որ թույլ չեն տալիս տեղում աշխատանքը կազմակերպել, որպեսզի այդ առաջարկից հավաքականները օգտվեն:
Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ պարետը փորձում է լավ բան անել: Բայց քանի որ թերի խորհուրդ է տրված, թե ինչպես կարգավորումն անել, արդեն չի աշխատում: «Ինքս այս հարցով անձամբ խոսել եմ Տիգրան Ավինյանի հետ: Նա չի իմացել, որ կա նման խնդիր: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ով է կոնկրետ սպորտի հարցով խորհուրդները տալիս, որ լուծումները թերի են ստացվում: Պարետի մոտ տպավորություն է եղել, թե հարցերը լուծված են, խնդիր չկա եւ մարզվում ենք: Երբ չգիտես որ խնդիր կա, չես աշխատում այդ խնդիրները լուծել»,-ասաց պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: