Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնչին տրավմաներ, թեթեւ ինչ-որ կապտուկ, քերծվածք, դա կարող է լինել ձերբակալման ընթացքում». Արմեն Խաչատրյանը՝ Կապանի դեպքերի մասին

Մայիս 25,2020 16:50

Ինչպես հայտնի է, երեկ Կապանում մի քրգործի հետ կապված լարված իրադարձություններ էին զարգանում: Կապանի ոստիկանության մոտ բողոքի ցույց էր, որը ցրվեց ուշ երեկոյան: 

Ցուցարարները սոցցանցերում տարածել էին լուսանկարներ, որտեղ վնասվածքներով մի երիտասարդ էր ու ահազանգ կար, որ նրա նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանական բաժնում:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, որպեսզի պարզեն ոստիկանության աշխատողների գործողությունների իրավաչափությունը. «Իմ տեղեկություններով ու իմ ներքին համոզմունքով, այո, գործողություններն իրավաչափ են եղել: Ընդհանրապես սպասելի է, որ ոստիկանական նման գործողություններ իրականացնելիս հնարավոր է ինչ-որ քերծվածքներ, ինչ-որ մեկի մի տեղը թեթեւ ցավ պատճառվի: Դա ուժի կիրառում է ու ուժի կիրառման հետեւանքով նման վնասվածքներ սպասելի են»:

Aravot.a-ի հարցին՝ այս դեպքերի ժամանակ ոստիկանները նորմա՞լ են գործել՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ՝ այո: Հարցրեցինք՝ սխալմամբ քաղաքացուն բերման ենթարկե՞լն էլ է նորմալ՝ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե սխալմամբ բերման են ենթարկել ու այդ քաղաքացուն վնաս է պատճառվել, սխալ կարող է միշտ էլ լինել: Եթե հետեւանքներն այնպիսինն են, որ պետք է այլ գնահատականներ տալ, անպայման կտրվի ծառայողական քննության արդյունքներով»:

Հարցրեցինք՝ վնասվածքների նկարները տարածվեցին, դրան պե՞տք է գնահատական տրվի՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Թեթեւ ինչ-որ կապտուկ, քերծվածք, դա կարող է լինել ձերբակալման ընթացքում: Իհարկե, դա կարող է լինել: Ոստիկանությունը բժշկական կազմակերպություն չի, ոչ էլ բարեգործական, որ պետք է ինչ-որ մեկին համոզի, հետո ձերբակալի: Ձերբակալելը ենթադրում է այդպիսի համաչափ ուժ, ուժի կիրառումը արդեն ենթադրում է այդպիսի չնչին տրավմաների առաջացում»: Նա ասաց, որ իր կարծիքով այդ վնասվածքները հենց այդպիսին էին՝ չնչին:

Հարցին՝ երբ Հունան Պողոսյանը նշանակվեց մարզպետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նա պետք է կոտրի Սյունիքի մարզում անիրավչության մեջքը, երկու տարվա ընթացքում դա հաջողվե՞լ է՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մարզպետի աշխատանքից ես կոնկրետ գոհ եմ: Շատ ու շատ բաներ է հաջողվել Հունան Պողոսյանին: Հաջողված բաների մասին չենք կարող բարձրաձայնել, ոչ էլ կիմանանք, թե ինչեր են կանխվել: Պետք է ասեմ, որ մարզում իրավապահ մարմինների աշխատանքի պատասխանատուն Հունան Պողոսյանը չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031