Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը նաև մրցույթի ձևով տնային հանձնարարություններ էր տվել մասնավորապես Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների ուսանողներին՝ առաջարկելով աշխատանքներ գրել տարբեր թեմաներով:
Նախագահ Սարգսյանի առաջարկին արձագանքել են ոչ միայն ԵՊՀ-ի, այլև՝ Հանրապետության մի շարք այլ բուհերի և արտերկրի համալսարանների ուսանողներ։ Նախագահի աշխատակազմ ներկայացված ավելի քան 50 աշխատանքները երեք հիմնական թեմաներով են՝ Մերձավոր Արևելքի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, վարակների մաթեմատիկական մոդելավորումը և համավարակի պայմաններում բուժաշխատողների անվտանգության բարձրացման մեխանիզմները:

Շնորհավորելով հաղթողներին և շնորհակալություն հայտնելով իր առաջարկն ընդունելու ու հետաքրքիր ուսումնասիրություններ ներկայացնելու համար՝ նախագահ Սարգսյանը նրանց է հանձնել նախատեսված մրցանակները՝ գրքեր և համակարգչային տեխնիկա։
Կարդացեք նաև
Նախագահը հետաքրքրվել է ուսանողների հետագա ծրագրերով ու անելիքներով, հաջողություններ մաղթել նրանց՝ հորդորելով շարունակել ներկայացված թեմաների վերաբերյալ ուսումնասիրությունները և ձեռքբերումների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել երիտասարդներին։ «Շարունակեք ստեղծագործել, աշխատանք կատարել։ Դա ոչ միայն հետաքրքիր և օգտակար կլինի ձեզ համար, այլև հաճույք կպատճառի ձեզ»,- ասել է նախագահը։
Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն են հաղթել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ նման նախաձեռնություններն ու նախագահի կողմից մրցանակի արժանանալը ոգևորիչ են և խթան՝ ձգտելու նոր հաջողությունների։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































