Միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները տեւական ժամանակ արդեն չեն հետեւում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ առողջապահության նախարարի ցուցումներին՝ դա արդեն անվստահություն է Արսեն Թորոսյանի նկատմամբ: Այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այս առիթով հնչած հարցերին, տիկին Թանդիլյանն ասաց. «Գիտեք, երբ մեկ անգամ վստահությունը խաթարում են, շատ դժվար է վերականգնել, հետեւաբար այն վերաբերմունքը, որը առողջապահության նախարարն ուներ վիրուսի նկատմամբ՝ շատ քաղաքացիներ այլեւս չեն կարողանում հաղթահարել եւ լուրջ վերաբերվել նրա արած հայտարարություններին: Սա շատ ցավալի է: Ժողովուրդն արդեն իր արարքներով անվստահություն է հայտնում նրան»:

Անդրադառնալով այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը`եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության, Մանե Թանդիլյանն ասաց` ժողովուրդը, քաղաքացիները գնում էին ընտրության իրենց տված խոստումներով, սակայն հիմա տեսնում են այն, ինչ տեսնում են, որից քաղաքացիները եզրակացություն կանեն. «Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իշխանությունն ունի պարտավորություն եւ պետք է ապահովեր նրանց անվտանգությունը եւ այն, ինչը խոստացել էր իր ծրագրերով: Հիմա արտակարգ դրություն է, հետեւաբար որեւէ մեկը չէր սպասի, որ նման բան կլիներ, այստեղ արդեն առաջ է գալիս կառավարություն ունակությունն ու կարողությունը: Հիմա արդեն ժողովուրդն ականատես է լինում, որ ծանր վիճակում կառավարությունն ունակ չէ պաշտպանելու իրեն եւ այդ պատասխանատվությունն աստիճանաբար օտարում է իրենից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































