Այսօր կառավարության նիստում ընդունվեց ՀՀ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ վարկային համաձայնագրի նախագիծը։

Ինչ վերաբերում է նախագծին, ապա նախարարն ասաց՝ նախագծով շարունակվելու է երկարատեւ համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ. «2019 թվականին ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ –ի՝ մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտ 315 միլիոն դոլարին համարժեք, որից 206 միլիոնն արդեն հասանելի է, որովհետեւ մայիսի 18-ին ԱՀՄ-ի խորհրդի նիստը հավանություն տվեց այս ծրագրին, եւ դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի համար, որովհետեւ ԿԲ-ի հետ արձանագրվել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, դա կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն՝ որպես բյուջետային աջակցության վարկ»:
Ջանջուղազյանն ասաց, որ այս համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո.«Ենթադրվում է, որ մենք այն կներկայացնենք Սահմանադրական դատարան եւ վերջում կառաջարկենք ԱԺ-ին վավերացնեն»:
Կարդացեք նաև
Նիստն առցանց վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ որոշ ցուցանիշներ ներկայացրեց. «Այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են հակաճգնաժամային նպատակներով մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 միլիարդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 միլիարդ դրամի չափով: Այսինքն` վարկային արձակուրդներ են ձեւակերպել: 17 400 իրավաբանական անձանց 640 միլիարդ դրամի վարկի գծով 57 միլիարդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































