Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում է տեսնում առաջին դասարանցիների եւ ընդհանրապես տարրական դպրոցի կրթությունը՝ կորոնավիրուսային իրավիճակում կազմակերպելու առումով, արդյոք նրանց դեպքում միայն հեռավարով կարելի՞ է բավարարվել:
«Առաջին դասարանցիների, տարրականի պարագայում հեռավար կրթությունը չաշխատող մի բան է: Դրա համար երկու տարբերակ ունենք: Եթե, իհարկե, իրավիճակը լավանա, ճիշտը վերադառնալն է, բայց եթե նույնիսկ չլավանա, կարելի է անցնել խառը ուսուցման, որ շաբաթվա մեջ գոնե երկու-երեք օր երեխաները դպրոց գնան: Մյուս դասարանները չգան՝ բացի առաջինից՝ չորրորդը: Մի օր առաջին դասարանցիներն ու երրորդ դասարանցիները գնան դպրոց, մյուս օրը՝ երկրորդն ու չորրորդը, որպեսզի սակավաթիվ երեխաներ լինեն դպրոցում:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը դպրոց փոխած, ավագ դպրոց ոտք դնող երեխաների պարագայում: «Այստեղ եւս խնդիր կա, որը կրկին կախված է իրավիճակից: Ավագ դպրոցի պարագայում հարցն այդքան բարդ չէ, քանի որ այդ երեխաները գոնե մինչեւ վերջերս դպրոց են գնացել ու գիտեն, թե ինչ է դպրոցը, իրենք կարող են գոնե ինքնուրույն սովորել: Թեեւ խնդիրներ կան՝ դպրոց են փոխում, նոր դասարան են գալիս, որտեղ միմյանց չեն ճանաչում, բայց նրանց խնդիրը համեմատելի չէ առաջին դասարանցիների, կրտսեր դպրոցի խնդրի հետ:
Կարդացեք նաև
Առաջին դասարանը, իմ կարծիքով, անկախ իրավիճակից՝ պետք է պարտադիր դպրոց գնա, որովհետեւ եթե առաջին դասարան երեխան հեռավար «գնաց», ահավոր հետեւանքներև կլինեն, որոնք հետո անհնար կլինի շտկելը: Ուրիշ երկրներում տարրականները բաց են, նրանք առաջնահերթ տարրական դպրոցն են կարեւորում, օրինակ` Դանիան վաղուց բացել է կրտսեր դպրոցը»,-ասաց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































