«Ատելության խոսքը տարածված երեւույթ է առօրյա կյանքում… Բացասական խոսքն ու բացասական ուղերձները հաճախ դառնում են ատելության խոսք` սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության եւ այլնի հետ կապված»,- ասաց Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյանը` «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության քարոզն ու գենդերային ինքնության խնդիրները Հայաստանում» թեմայով տեսաքննարկման ժամանակ:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավարը փաստում է, որ ֆեյսբուքի հեղինակությունը վերջին երկու տարում` սկսած 2018-ի սկզբից, երբ Հայաստանում այն միակ ազատ հարթակն էր ընդդիմության կողմնակիցներին համախմբելու առումով, բավականին աճել է: Նույն պատճառով ֆեյսբուքով տարածված խոսքը ատելության խոսքը եւս ուժեղ է դարձել: Ինչ վերաբերում է կարգավորումներին, Հովհաննես Մադոյանի խոսքերով, դրանք նոր նախաձեռնություններ եւ դեռ ազդեցություն չեն ունենա, բացի այդ իրավակարգավորումը պետք է ենթադրի նաեւ իրավակիրառում:
«Փինք Արմենիա» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն ասաց, որ տարբեր ուսումնասիրություններ են կատարում եւ տարեկան զեկույցներ հրապարակում: Ըստ նրա, հարցվածների 95%-ն ունի հոմոֆոբ տեսակետներ։ Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ ամեն տարի արձանագրվում են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված մարդու իրավունքների խախտումների տասնյակ դեպքեր, սակայն Հայաստանը երբեք չի տրամադրել որևէ պաշտոնական տեղեկատվություն` ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, քանի որ Հայաստանի իրավակիրառ մարմինները չեն վարում ատելության հիմքով հանցագործությունների վիճակագրություն։
Կարդացեք նաև
Ըստ նրա, անցյալ տարի Հայաստանում ուսումնասիրվել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների և ատելության շարժառիթով պայմանավորված միջադեպերի 198 դեպք: 79.7%-ի պարագայում հարցվածները եղել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության հիմքով պայմանավորված ատելությամբ հանցագործություններից տուժածներ, իսկ 20.3%-ում՝ վկաներ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































