ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ին՝ հրապարակած տեսանյութի համար ու արձագանքեց «հավատարմության» թղթին. «Բերել եմ տեսանյութում հրապարակված, նախկինում իմ ձեռքով գրված գրության տեքստը: Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ-ի ցուցակով: Հանձն եմ առել ապահովել 8000 քվե: Ինձ թվում էր, որ դա նորմալ, բավարար է, շատ քվե է, ցավոք, չստացվեց ու պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով: Ընդ որում, վիճաբանում էի ե՛ւ Ծառուկյանի հետ, ե՛ւ բազմաթիվ այլ գործընկերների հետ, ասում էր՝ լավ, էլի, գրի 2000, չես կարա 8000 հավաքես, ասում էի՝ չէ, պիտի 8000 գրեմ: Հլը 10 հազար եմ գրելու, որովհետեւ այդպիսինն էին սոցիոլոգիական հարցումները: Հետո իրավիճակ էր փոխվել, ինչպես հիշում եք, խոստացվել էր ընտրակարգ փոխել, «Ընտրական օրենսգիրք» փոխել ու այն ժամանակ՝ նախորդ գումարման խորհրդարանում, որպես «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչ ու «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող կուսակցության անդամ, ես իմ կուսակցական ընկերների հետ որոշեցի առանձին մասնակցել ընտրություններին, ոչ թե ԲՀԿ-ի հետ: Ծառուկյանն էր ինձ համոզում՝ դու հասկանո՞ւմ ես, որ ես ընտրվի, շանսերը քիչ են, էյֆորիկ վիճակ է, չես անցնի, խորհրդարանում չես հայտնվելու, դու պետք ես ԱԺ-ում: Սրանք ներքին խոսակցության էպիզոդներ են, որոնք չէր լինի առիթ՝ հանրությանը բացահայտելու, բայց ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութը՝ ներքին խոհանոցը հրապարակ բերելուց հետո ստիպված եմ սրա մասին խոսել: Երբ շատերը իմ գործընկերներից նախկինում գլուխ էին գովում, որ 10, 20, 50 հազար ձեն կբերեն, մեկը ես եմ ասել՝ թող ամեն մեկը գրի, ստորագրի, հլը տեսնենք՝ ով ինչքան ձեն է ապահովելու: Ձեն ապահովելու մեջ վատ բա՞ն կա, էդ որեւէ մեկդ չի՞ ուզեցել երբեւէ ձեն ապահովի, չի՞ հպարտացել ապահոված ձեներով: Թե՞ այն ընտրակարգը, որը չփոխվեց, չի ենթադրում անհատ թեկնածուի քվեն, ձայնը, թերթիկի մյուս կողմի վրա կուսակցական քվե»:

Ուրիխանյանն ասաց, որ ԱԱԾ-ին շնորհակալ է, որ հրապարակայնացրեց այն, ինչ ինքը համեստորեն չէր ասում. «Ինչքան միջոց պետք է ծախսեի, որ էս PR-ս անեիք: Վերցրել են գրությունդ, ուրիշների գրություններից էմոցիոնալ հատվածներ են մեջբերում ու ասում են՝ Տիգրան Ուրիխանյանն էլ է գրել: Լա՛վ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ նրանով, ինչ գրել եմ, պարկեշտ եմ պահել ինձ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































