Ինչպես Լեոնիդ Գայդայի շնորհիվ Նատալյա Սելեզնյովան հայտնի դարձավ
Ռեժիսոր Լեոնիդ Գայդայի՝ 1965 թվականին նկարահանած «Ի» գործողությունը եւ Շուրիկի այլ արկածները» ֆիլմը ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել։ Այն այսօր էլ սիրով են դիտում: Շատերը այդ ֆիլմից հիշում են նաեւ Նատալյա Սելեզնյովային, որին հայտնի դարձրեց հենց Լեւոնիդ Գայդայը: Դերասանուհին, որ այս տարվա հունիսի 19-ին դարձավ 75 տարեկան, արդեն սովորական է վերաբերվում այն հանգամանքին, որ իրեն որպես Գայդայի ֆիլմի հերոս Շուրիկի ընկերուհի Լիդա են հիշում:
kulturologia.ru-ն ներկայացնում է, թե ով է Նատալյա Սելեզնյովան: Պարզվում է՝ նա դերասանական կարիերան սկսել է վեց տարեկանից՝ աղջնակին տեսել են փողոցում եւ ծնողներին առաջարկել փորձնական նկարահանման: Կինոյում նրա հոգեւոր մայրն է համարվում Ագնիա Բարտոն, որի պնդմամբ էլ «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» ֆիլմում գլխավոր դերը հանձնվել է Նատալյային:
Նատալյան ծնվել է Մոսկվայում: Հայրը լուսանկարիչ էր, մայրը` նկարչուհի: 1966 թվականին նա ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանի` Բորիս Զախավայի դասընթացները եւ աշխատանքի անցել Մոսկվայի Երգիծանքի թատրոնում: Ի դեպ, դպրոցական տարիների փառքը ուրախություն չի բերել աղջնակին, նրան չեն ընդունել պիոներիայի եւ կոմերիտմիության շարքերը, զբաղվածության պատճառով աղջիկը վատ է սովորել դպրոցում:


Շնորհիվ մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Ի» գործողությունը եւ Շուրիկի մյուս արկածները» եւ այլն, դերասանուհին հայտնի դարձավ ողջ ԽՍՀՄ-ով մեկ, նաեւ սկսեց արտասահման մեկնել: Նկարահանումներից մեկի ժամանակ Նատալա Սելեզնյովան հանդիպեց Վլադիմիր Անդրեեւի հետ, նրանց միջեւ սիրավեպ ծնվեց, սակայն մեկ ամիս անց դերասանն ամուսնացավ այլ աղջկա հետ, ում հետ հանդիպում էր շուրջ յոթ տարի: Դերասանուհին ծանր տարավ այդ բաժանումը, նաեւ խղճի խայթ ունեցավ, որ հնարավոր է «գողանար» ուրիշի երջանկությունը: Իննսունականներին դերասանուհին ծանր վիրահատություն տարավ, ինչի պատճառով կորցրեց ձայնը; Նա արդեն հույսը կտրել էր, որ երբեւէ կկարողանա խաղալ կինոյում կամ թատրոնում, սակայն մեկ տարի անց ձայնը եւ խոսքը վերականգնվեցին, եւ նա կրկին սկսեց զբաղվել սիրած մասնագիտությամբ:
Ի դեպ, նա հեշտությամբ հաղթահարեց բոլոր դժվարությունները, քանի որ կողքին էր հավատարիմ ամուսինը՝ դերասան Վլադիմիր Անդրեեւը, որից որդի ունեցավ: Վերջին տարիներին Նատալյա Սելեզնյովան դարձյալ մի քանի ծանր վիրահատության ենթարկվեց, սակայն հարազատ մարդու կողքին կարողացավ վերագտնել իրեն: Եվ այժմ սիրելի դերասանուհու ցանկությունը հարազատներին առողջ տեսնելն է: Չնայած տարիքին՝ նա շարունակում է մնալ նույնքան գեղեցիկ ու հմայիչ: Շուրիկի Լիդան չի ծերանում:
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.06.2020






















































