Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև ՊԲ-ում կիրառվող հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին:
Այցի ընթացքում նախագահը հետևել է նաև ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են:
Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: