Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան ՄՈԼ»-ում տեղադրված ականների մասին հաղորդագրությունը ստացվել է էլեկտրոնային փոստով

Հուլիս 01,2020 16:53

Այսօր ցերեկը «Երեւան ՄՈԼ»-ի աշխատակիցները տարհանվել էին: Պատճառը շենքի տարածքում ականներ տեղադրված լինելու մասին ահազանգն է եղել, որ ստացվել է «Երեւան ՄՈԼ»-ի էլեկտրոնային փոստով:

Մինչ ԱԻՆ-ի եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները շենքի տարածքում գործողություններ էին կատարում, «Երեւան ՄՈԼ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօր ցերեկը անհայտ բաժանորդից մեր ընդհանուր մեյլի վրա ռուսերենով հաղորդագրություն է ստացվել, որ տեղադրված են երեք ականներ, որոնք կգործեն  օրվա ընթացքում: Անմիջապես այդ մասին հայտնեցինք համապատասխան մարմիններին, տարհանեցինք անձնակազմին եւ այցելուներին: Հիմա ներսում ոստիկանության եւ ԱԻՆ-ի մասնագիտացված ծառայությունների կողմից  զննություն է կատարվում»:

Նա նաեւ ավելացրեց, որ առեւտրի կենտրոնի այսօր աշխատելու հավանականությունը կախված կլինի հատուկ ծառայությունների մասնագիտական գործողությունների արդյունքից:

Վազրիկ Սեկոյանը Aravot.am-ին տեղեկացրեց նաեւ, որ Երեւան ՄՈԼ-ն ունի անվտանգության իր ծառայությունը, որը գործում է շուրջօրյա եւ պարտադիր շրջայցեր է կատարում տարածքում:

ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն՝ «Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031