Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի ռազմատեխնիկայի տեղաշարժի կադրեր, այս մասին հաղորդում է KarabakhRecords յութուբյան ալիքը:
Կադրերում երևում է, թե ինչպես է Աղդամ գյուղի միջով դեպի սահման ընթանում երկու տրանսպորտային բեռնատար: Ավելի ուշ հայկական կողմը հրապարակել է ադրբեջանական ոչնչացված ավտոմեքենայի լուսանկարը, որը գտնվել է չեզոք դիրքում: Սա ևս մեկ ապացույց է, որ սահմանին սադրանքը կազմակերպել է Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: