Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին ԱԺ որոշում, որը շրջանառության մեջ կդնի ԲՀԿ խմբակցությունը

Հուլիս 13,2020 12:17

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանությանը մասնավորապես առաջարկում է հրաժարվել հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից, դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն եւ տոտալ սահմանափակումը, փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու, կանխել վարակի հնարավոր տարածումը։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն եւ կրել դիմակներ։

Միաժամանակ հայտնում ենք, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից հիշյալ առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրության անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը, որի շուրջ աշխատանքային խումբը պատրաստվում է քննարկումներ սկսել տնտեսվարողների, շահագրգիռ այլ ուժերի եւ անձանց հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031