Արցախի խորհրդարանն այսօր` նախագահ Արայիկ Հարությունյանի սահմանած օրակարգով մեկնարկած արտահերթ նստաշրջանում քննում է «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով` 24 ժամյա ռեժիմում:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հայտարարել է, որ, հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ:

2/3, 1/2 կամ 1/4-ով կկրճատվի նաեւ պատժաչափի չկրած մասը` կախված նրանից` հանցագործությունը կատարվել է անզգուշությա՞մբ, թե՞ դիտավորությամբ կամ տվյալ անձը նախկինում դատված եղե՞լ է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Համաներումը չի կիրառվի առանձնապես վտանգավոր ռեցիդիվի, պետական դավաճանության, դիվերսիայի, սեռական բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքում, նաեւ եթե փորձաշրջանի ընթացքում սահմանված կանոնները անձը խախտել է, կամ չի փոխհատուցել հանցագործության արդյունքում պատճառված վնասը: Համաներումը չի կիրառվի նաեւ հետախուզման մեջ գտնվողների համար: Հետախուզվողների` ներկայանալու համար ժամկետ է սահմանվել մինչեւ նոյեմբերի 1-ը:
Համաներման կատարման համար սահմանված է եռամսյա ժամկետ:
Նախագիծը չի տարածվի ՀՀ-ում քրեական հետապնդման տակ գտնվող անձանց վրա:
33 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 16.25 կմեկնարկի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































