Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերի անձնակազմը ոտքի է ելել՝ բողոքելով կառավարության մշակած նախագծի դեմ, համաձայն որի՝ իրենց կառույցը լուծարելու են՝ միավորելով Գյումրի բժշկական կենտրոնին։ Նախագծի համաձայն, Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերից բացի՝ Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու են նաև Գյումրու ծննդատունն ու պաթանատոմիական կենտրոնը։




Կարդացեք նաև

Մենք ունենք հոյակապ ճառագայթային ապարատ, որն ունի վերալիցքավորման կարիք, եթե վերալիցքավորեն, հոյակապ կաշխատի։ 100 հազար դոլարին համարժեք դրամ կպահանջվի, և 9 տարի այդ հիվանդները կբուժեն այստեղ», -ասաց տնօրենը։

«Ես օրինակ ուրախացա, որ հեղափոխությունից հետո եկավ նոր կառավարություն, և Արսեն Թորոսյանն ասաց, որ մեծ ուշադրություն են դարձնելու ուռուցքաբանական ծառայության վրա։ Եվ երկու օր առաջ ստանում ենք նախագիծը, որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը, այս ավանդույթ ունեցող, տասնյակ հազարավոր հիվանդների բուժած, և Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում աշխատող բժիշկների որակավորած, կրթած բուժհաստատությունը որոշել են, որ պետք չէ», -նեղվեց Վալերիկ Շիրանյանը։
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում բժշկական հաստատությունների ապակենտրոնացումն ավելի ճիշտ է, քան բոլորը մեկտեղելը։

Ըստ Վարելիկ Շիրինյանի, անհրաժեշտ է ճիշտ մասնագիտական մոտեցում հիվանդների բուժման հարցում։
«Դուք գիտեք մեր բնակչության սոցիալական վիճակը, մեր մոտ, որպեսզի հիվանդները չգան, չսպասեն, մենք ասում ենք, որ ժամին գան։ Հիվանդներից մեկը մի օր ուշացավ, ուշացմամբ մեկ ժամ հետո եկավ Ամասիայից։ Երբ հարցրեցի՝ տիկին ջան, ինչո՞ւ ուշացար, մտահոգվեցինք, ասաց՝ բժիշկ ջան, ես հինգ հատ ձու էի բերել հետս, գնացի շուկա, վաճառելու, որպեսզի փող լիներ, «գազել»-ով հետ գնայի։ Մի քանի օր է՝ ոտքով էի գալիս Ամասիայից, բայց ափսոս ձուս չվաճառվեց․․․
Եվ հիմա մենք այդ հիվանդներն առաջարկում ենք գնալ Երևան՝ երկու ամիս ճառագայթային բուժում ստանալու։ Դա միակը չէ, այդպես տասնյակ, հարյուրավոր հիվանդներ կան։ Ես ափսոսում եմ, որ Ախուրիկ գյուղից հիվանդը ոտքով գալիս է այստեղ, բուժում է ստանում։ Իհարկե, մենք նրան տաքսիով հետ ենք ուղարկել, օգնել ենք, բայց մարդը շատ դեպքերում չի ասում, որ ոտքով է եկել, և հիմա նրանց առաջարկում են գնալ մայրաքաղաք, բուժում ստանալ»,-ասաց Վալերիկ Շիրանյանը

«Դա մեր հնարավորություններից դուրս է, մեղադրել, որ ուռուցքաբանական դիսպանսերը ժամանակին բան չի արել, պատկերացնել անգամ չի կարելի, թե մեր բյուջեն ինչքան է և դա ինչ ծախս է։ Եվ նախարարությունում շատ լավ գիտեն, մեզ ինչ է տալիս։ Եթե միջուկը փոխվի 10 տարի կբավարարի։ Խոսում էին հանրապետությունում ուռուցքաբանության համաչափ զարգացման մասին, ծրագիր էին մշակել, նախատեսվում էր Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը մինչև 23 թիվը փոխել, ի՞նչ եղավ այդ ծրագիրը։
Ո՞նց կարելի է կենտրոնացնել մի տեղ, համավարակ է, վաղը Աստված գիտի՝ ինչ աղետալի վիճակ կարող է լինել, ինչպես են լուծելու հետագա հարցերը։ Գյումրու բժշկական կենտրոնում տեսանք ինչ քաշեցին աշխատակիցները, վարակվեցին, նստեցին տները, եթե էդպիսի մի դեպք պատահի, ի՞նչ է լինելու մնացած հիվանդների հարցը, թեկուզ քիմիաթերապիայի կամ վիրահատված հիվանդի», -ասում է Գագիկ Մելքոնյանը։

Հիվանդներից մեկը, որ 6-րդ քիմիան էր ստանում, բողոքեց, որ չի կարողանա գնալ Երևան։
«Չեմ կարողանա գնալ Երևան, ես կհրաժարվեմ մնացած քիմիաներից։ Երեխեքս էստեղ են, գալիս են, հաց են բերում, Երևան ո՞վ պիտի մեզ կերակրի, ամեն ինչ հաշիվ է, չէ՞։ Հենց զանգում եմ, երեխեքս հաց են բերում, փոխնորդ շորեր են բերում, իսկ Երևան բարեկամ չկա, տրանսպորտը՝ թանկ, ես հիվանդ մարդ, ինչպե՞ս կարող եմ գնալ Երևան։ Մարտի 4-ից ես այստեղ բուժվում եմ անվճար», ասաց բուժառուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































