«Բացթողումներ ունենք նաեւ արտաքին քաղաքականության մեջ ու առհասարակ բոլոր ոլորտներում»,- այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացման ժամանակ ասաց կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ու բացատրեց, թե որոնք են իր կարծիքով ներկայիս իշխանության սխալները՝ արտաքին քաղաքականության մեջ. «Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, ինչը սերտ համագործակցություն է ենթադրում՝ ռազմական եւ քաղաքական համագործակցություն ՀԱՊԿ անդամ երկրների եւ տնտեսական խորը համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Կարծում եմ, դա ճիշտ ուղղություն է, սակայն այսօրվա իշխանությունները չեն կարողանում լիարժեք օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս են ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն, մենք պետք է փայլուն հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ, շատ լավ հարաբերություններ ԵՄ երկրների, նաեւ ԱՄՆ-ի հետ: Շատ եմ կարեւորում մեր լավ հարաբերությունները Իրանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, բայց, ցավոք սրտի, բոլոր մեր բարեկամ պետությունների հետ, որոնց հետ ունեցել ենք ավանդական բարեկամական հարաբերություններ, այսօր հարաբերությունները կա՛մ վատն են, կա՛մ դրանք բացակայում են: Իրանում առաջին անգամ պատմության մեջ տեսնում ենք հակահայկական ցույցեր, Եվրոպայի կողմից չենք ստանում որեւէ գործուն աջակցություն, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում չունենք այն արդյունավետ աշխատանքը, որը կուզենայինք տեսնել: Երբ շատ ինքնահռչակ արտաքին քաղաքական էքսպերտներ խոսում են, որ ՀՀ-ն երբեք չի լինելու ՌԴ-ի կազմում, նման խնդիր երբեւիցե դրված չի եղել, դրված չէ ու վաղը մյուս օրը նման խնդիր չի լինելու: ՌԴ-ի հետ պետք է ունենանք խորը համագործակցություն եւ փորձենք ի շահ մեր երկրի օգտագործենք դա: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է ու ՌԴ-ի հետ ցանկացած հարաբերությունների խզում համարում եմ անթույլատրելի»:
Վանեցյանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, այն տրամաբանության մեջ է, ինչ բոլոր ոլորտներում կա. «Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել: Չունեն այդ կրթությունն ու հնարավորությունը ինչ-որ մի բան անելու, իրենք միայն կարողանում են քան-դել: Եղածը քանդել, տեղը ոչ մի բան չկառուցել»:

Հետո Վանեցյանն ասաց. «Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ չկա հանգստություն, կանխատեսելիություն, չգիտի մարդ ինչ կլինի մի ժամից, երկու ժամից: Շինծու գործերը բերելու են նրան, որ որեւէ մեկը չի ուզելու գալ ՀՀ-ում ներդրում անելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































