Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Հայրապետյանի քրգործի շրջանակներում

Օգոստոս 01,2020 20:34

Մեղադրանք է առաջադրվել Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին եւ Գեւորգ Հակոբյանին, որն ըստ ՀՔԾ-ի, հանցանքի պահին եղել է քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող ՓԲԸ-ի ղեկավար:  Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

ՀՔԾ-ից նաեւ ասացին, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Սա նույն քրեական գործն է, որով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ ինչպես ասացին ՀՔԾ -ից, այս նույն գործով մեղադրյալ են ներգրավվել Վահե Նիկոյանն ու Գեւորգ Հակոբյանը:

Հուլիսի 24-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երեւան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք: Ըստ մեղադրանքի, մի խումբ պաշտոնատար անձինք տարիներ առաջ քաղաքապետարանի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման, անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձեւական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց. «Ն.Տ.-ն եւ Երեւանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձեւական աճուրդների միջոցով ընդհանուր 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի երեք հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ»:  Ըստ մեղադրանքի, 808.000.000  դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 դրամով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31