«Մասնագետներն այսօր գնացել են Վանաձոր, կուսումնասիրեն իրավիճակը, կվերադառնան, կասեն՝ ինչն է համապատասխանում իրականությանը, ինչը՝ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան հարցի՝ ԱԻՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերի հետ կապված խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք՝ ահազանգ էր հնչեցվել, որ Վանաձորի քիմիական գործարանում 45 տոննա ամոնիակ ու 2 տոննայից ավելի սնդիկ կա, որոնք պատշաճ չեն պահպանվում ու ամեն պահ կարող են աղետալի հետևանքների հանգեցնել։

ԱԻՆ նախարարից հետաքրքրվեցինք՝ մի՞թե ավելի վաղ տեղյակ չէին, որ այդպիսի նյութեր կան Վանաձորում և դրանք պատշաճ չեն պահպանվում, ի՞նչն է պատճառը, որ նոր են մասնագետների խումբ ուղարկում, նա պատասխանեց. «Այդ հարցը բարձրացվել է և մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել: Այսօր նորից են գնացել մասնագետները՝ այդ հոդվածներից հետո, որ տեսնեն՝ ինչ կա փոխված»:
Կարդացեք նաև

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ գործարանը հատուկ պահպանվող տարածքում է: Այնպես չէ, որ բոլորը մուտք ու ելք ունեն. «Իհարկե, մենք մտել, տեսել ենք, բայց այս պահին ավելի շատ պիտի լուծումները գտնվեն, թե որ մասնագետները պիտի կարողանան հաշվարկել կամ այլ մեքենաներով ՝ ամոնիակ տեղափոխող մեքենաներով, տեղափոխեն ավելի անվտանգ, ավելի նոր ռեզերվուարներ»:
Հարցին՝ ինչպե՞ս է ի վերջո լուծվելու գործարանի ճակատագիրը, Վանաձորի քաղաքապետը պատասխանեց. «Ներսում տարբեր իրավական կարգավիճակ ունեցող մի քանի սուբյեկտներ կան: Կա մասնավոր հատված, կա սնանկության գործընթացում գտնվող, բանկի տիրապետման տակ գտնվող հատված, հետևաբար միանշանակ ասել, թե գործարանի ճակատագիրն ընդհանուր համատեքստում ինչպիսին է, դա ճիշտ չի լինի: Այնտեղ կա մասնավոր հատված, որը ասենք պարսպապատերի որևէ բանում չի վնասել, կան որ արդեն իսկ սնանկության գործով պարտքերը փակելու համար գործարանի ինչ-որ ապամոնտաժում է արվել, վաճառվել և այլն: Հետևաբար ընդհանուր համատեքստում գործարանի ճակատագրի մասին խոսել ճիշտ չի լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































