Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե՛ համավարակի հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունները քննարկելու համար:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ եւ բաց խոսակցութուն գրանցված նվաճումների, ինչպես նաեւ առկա բացթողումների վերաբերյալ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ամենակարեւոր արդյունքը, որը պետք է արձանագրել, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումն է:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային դաշտ եւ երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաեւ նվազեցնել համավարակի ընթացքում ստեղծված վնասները: Միության նախագահը նաեւ նշել է, որ համավարակը թույլ թվեց բացահայտել բիզնեսի եւ հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները:
Կողմերի միջեւ ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաեւ գործարար համայնքի փորձագիտական ներուժը:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով


















































 
                         
          
          
          
                                 
                                
 
                                    
                                   