Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
– Փաստաբանական գործունեությամբ երբվանի՞ց ես զբաղվում:
– Այս տարի հոկտեմբերին կլրանա 10 տարին, որ զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ:
– Հեռավար, արտակարգ ռեժիմի պայմաններում` այս կես տարվա ընթացքում ի՞նչ դժվարություններ ունեցար:
Կարդացեք նաև
– Նախ, շատ դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ քո ազատությունը «սահմանափակված է», որ անգամ երկրից ոչ մի տեղ չես կարող գնալ մի քիչ լիցքաթափվելու, հանգստանալու համար: Հեռավար աշխատանքի հետեւանքով աշխատավայրում պարբերաբար գործեր էին կուտակվում, որոնք պետք էր ժամկետներում ավարտին հասցնել, որոշ պետական մարմիններ չէին աշխատում, ինչի հետեւանքով գործերը ձգձգվում էին, դատական նիստերը ինքս էի հետաձգում, քանի որ կողմերը չէին ներկայանալու: Հաճախորդներին միայն հեռախոսով եմ խորհրդատվություն տրամադրել, քանի որ խուսափում էին գրասենյակ այցելել:
– Փաստաբաններ կան, որոնք ներգրավված են միայն «հնչեղ» դատական գործընթացներում` նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական ենթամշակույթ կրողներ: Ովքեր են պաշտպանյալներդ, առհասարակ, ո՞ր գործերով ես ավելի շատ զբաղվում. քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական,…վարչական:
– Ի սկզբանե ցանկացել եմ զբաղվել քրեական գործերով, սակայն, աշխատանքի բերումով, զբաղվում եմ հիմնականում քաղաքացիաիրավական գործերով: Շատ են դիմում ընտանեկան վեճերով՝ ամուսնալուծություններ, երեխայի տեսակցություն, ալիմենտ, եւ իհարկե՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ խնդիրներ, վեճեր ունեցող անձինք: Այս պահին վարույթումս երկու քրեական գործ ունեմ:
Երբեւէ չեմ ցանկացել ներգրավված լինել որեւէ «հնչեղ» դատական գործընթացում: Դա իր պատճառներն ունի, որոնցից հիմնականը մասնագիտական գործունեության համար սոցիալական ցանցերում մարդկանց վատ արձագանքներն ու վերաբերմունքն է նախկին պաշտոնյաների, հարուստ օլիգարխների, քրեական ենթամշակույթ կրողների պաշտպանյալների նկատմամբ: Ուզում եմ ագրեսիվ վերաբերմունքից, մարդկանց չարությունից, բացասական էներգիայից հեռու լինել:
Հաճախ են ինձ զանգում անվճար իրավաբանական խորհրդատվության, հեռախոսահամարս ՀՀ Փաստաբանների պալատի կայքից են վերցնում: Հավատացեք, բոլոր զանգերին փորձում եմ պատասխանել, բոլորին խորհրդատվություն տրամադրել, եթե անգամ այդ պահին հնարավոր չէ խոսել, խնդրում եմ կամ ուշ զանգել, կամ ես ինքս եմ հետադարձ կապ պահում, անգամ watsup-ով կարող են որեւէ փաստաթուղթ ուղարկեն, որ նայեմ եւ խորհրդատվություն տրամադրեմ: Դա էլ իր հետաքրքրությունն ունի: Հաճելի է, երբ մարդիկ գոհ ու շնորհակալ են մնում անվճար մատուցած ծառայությունից:
– Սոնա, դու քեզ համարո՞ւմ ես ակտիվ փաստաբան. Մասնակցո՞ւմ ես քննարկումների, վերջին քննարկումերից կարո՞ղ ես հիշել:
– Ավելի շատ ես չեմ սիրում իմ աշխատանքը հանրայնացնել, սոցցանցերում չունեմ առանձին էջ, իմ դատական գործերը եւ վերջնական ակտերը չեմ հրապարակում: Հիմնականում քննարկումներին չեմ մասնակցում, եթե թեման ինձ հետաքրքիր չի լինում: Ավելին, որոշել եմ քաղաքական թեմաներով որեւէ քննարկման չմասնակցել: Հիշում եմ, կոլեգաներիցս մեկը, 20 տարվա գործընկեր, հեռացրեց ինձ իր ընկերների ցանկից, քանի որ մի քննարկման ժամանակ պարզեց, որ մենք քաղաքական տարբեր հայացքներ ունեինք: Անկեղծ ասած, ժպիտով եմ հիշում այդ միջադեպը:
– Վերջին օրերին ՖԲ հարթակում դու քո գեղանկարներն ես տեղադրում, նատյուրմորտները: Տպավորությունս այն է, որ գործ ունեմ պրոֆեսիոնալի հետ: Բացիր փակագծերը: Դու ստացե՞լ ես պրոֆեսիոնալ կրթություն:
– Փորձում եմ իմ նկարներով կիսվելով՝ մարդկանց դրական լիցքեր փոխանցել, գեղեցիկը ցույց տալ, կտրել ֆեյսբուքյան միապաղաղությունից ու վատ լրահոսին հետեւելուց: Նկարում եմ մանկուց: Ծնողներս իմ մեջ տեսել են նկարելու շնորհքը եւ չեն թողել այն մարի: Երեք տարի հաճախել եմ մանրանկարչության Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոն, այնուհետեւ՝ երկու տարի գեղանկարչության: Ունեցել եմ խմբակային ցուցահանդեսներ, 1995-ին մասնակցել եմ միջազգային մրցույթի եւ իմ նկարը լավագույն 200 նկարների մեջ է ընդգրկվել: Ցանկանում էի դիզայներ դառնալ, սակայն պլաններս փոխվեցին: Որոշեցի որեւէ մասնագիտություն ձեռք բերել, իսկ նկարչությունը թողնել որպես հոբբի: Բայց միշտ ցանկացել եմ կրկին գնալ դասերի, բայց արդեն պրոֆեսիոնալ մասնագետի մոտ: Համավարակի ժամանակ որոշեցի օգտվել առիթից եւ ազատ ժամանակս լրացնել վաղեմի երազանքս իրականացնելով: Եվ շատ պատահական համացանցում տեսա պրոֆեսիոնալ նկարիչ Գոռ Աբրահամյանի հայտարարությունը, որ իր նոր արվեստանոցում որոշել էր մեծահասակներին արագ նկարչություն սովորեցնել, ես անմիջապես արձագանքեցի, որ կմիանամ: Ի դեպ, արվեստանոցը Աբովյան քաղաքում է, բայց դա արգելք չէ, որ ես շաբաթը մի քանի ժամ տրամադրեմ եւ սիրով այցելեմ դասերի: Հիմա, կարելի է ասել, ես պրոֆեսիոնալ կրթություն եմ ստանում՝ իր գործը սիրող, իր գործով ապրող, մեծ վարպետ, տաղանդավոր նկարիչ Գոռ Աբրահամյանից: Այնքան հետաքրքիր ձեւով են դասերն անցնում, փորձում է մաքսիմալը տալ, սովորեցնել: Ճիշտ մարդու հետ եմ աշխատում: Ի դեպ, Գոռին ճանաչում եմ արդեն մի քանի տարի, թեեւ միասին չենք Արարատ բարձրացել, սակայն Արարատ բարձրացած մեր համատեղ ընկերների կազմակերպած միջոցառման ժամանակ ենք ծանոթացել, հետո ֆեյսբուքով եմ սկսել հետեւել իր գործունեությանը: Փաստորեն, կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում, իսկ մեր ֆեյսբուքյան ընկերությունը իր դրական կողմերն էլ ունեցավ:
– Հնարավո՞ր է, որ նկարչությունը «տանի» քեզ, թողնես փաստաբանությունը, զբաղվես միայն նկարչությամբ, ցուցահանդեսների մասնակցես: Ի դեպ, եթե մասնակցես ցուցահանդեսի, ինչ խորագիր կուզեիր:
– Ես դեռ մտածում եմ արձակուրդ վերցնելու եւ նկարչությամբ զբաղվելու մասին, քանի որ այս պահին նկարելն ինձ կտրում է առօրյայից, հանգստացնում է, միտքս է մաքրում, հոգեպես եմ բավականություն ստանում, իսկ երբ աշխատանքի արդյունքը ինձ դուր է գալիս, դրական լիցքերի հրավառություն է մոտս լինում, տրամադրությունս է փոխվում, դե իսկ ընկերներիս դրական արձագանքների էներգիան էլ ավելի ինքնավստահ է ինձ դարձնում:
Դժվար է ասել հետոն ինչպես կլինի: 2020 թվականից արդեն պետք է հասկանանք, որ մենք երբեք չենք կարող իմանալ ինչ կլինի մեզ հետ մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո: Աստված գիտե:
Դեռ պատրաստ չեմ ցուցահանդես բացելու համար, բայց մանկուց միշտ երազել եմ անհատական ցուցահանդես ունենալու մասին: Մինչ այս պահը չէի մտածել՝ ինչ խորագրով կուզեի այն լինել, բայց հենց նոր մտքումս իդեա առաջացավ: Առաջ Աստված: Ամեն ինչ դեռ առջեւում է:
Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
08.09.2020