Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստի մաքսազերծման գները բարձրացրել են․ ներմուծողները ցույց են անում․«Եթե ԵԱՏՄ-ով են հիմնավորում, էդ դեպքում ՌԴ-ում ինչո՞ւ են կիլոգրամով մաքսազերծում, մեզ ասում՝ հատով պիտի անեք»

Սեպտեմբեր 09,2020 16:45 Share

Գործարար Էմիլ Մկրտչյանը, որ զբաղվում է հագուստի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով, խնդրի առաջ է կանգնած։ Սեպտեմբերի 1-ից հագուստ եւ կոշիկ ներկրելու դեպքում, մաքսազերծումն այլեւս կիլոգրամներով չի արվում, այլ՝ հատով եւ նոր մաքսային արժեքով, շատ դեպքերում նույնիսկ հսկիչ գնով։

Aravot.am-ի հետ զրույցում Էմիլ Մկրտչյանը պատմեց, որ ի սկզբանե ՊԵԿ-ից վստահեցրել էին, որ ոչ բրենդային ապրանքների մաքսազերծման գինը շատ քիչ է բարձրանալու կամ ընդհանրապես չի բարձրանալու։ Երեկ սակայն Էմիլ Մկրտչյանն ու այլ գործարարներ տհաճ անակնկալի են հանդիպել․ ներմուծվող ապրանքների մաքսազերծումը թանկացել է մի քանի անգամ, ընդ որում, ՊեԿ-ը կիրառում է հսկիչ գներ, բայց Էմիլ Մկրտչյանը պնդում է՝ հսկիչ գների ամենաբարձր սանդղակով են մաքսազերծման գին սահմանում։

«Երեկ մաքսայինում, երբ արդեն այս նոր փոփոխությունից հետո ֆուռերն եկան, պարզվեց, որ հսկիչ գինը շատ բարձր է սահմանված, չկա թանկ, էժան, միջին գին, բոլորը մի գնի տակ են մաքսազերծվում։ Այդ հաշվարկներով ապրանքը մոտ 40-50% թանկանալու է։ Օրինակ՝ 2000 դրամանոց ապրանքը 3500-4000 դրամով է մաքսազերծվելու»,-ասում է Էմիլ Մկրտչյանը։ Նա վստահեցնում է՝ օրինակ՝ կանացի բոլոր տեսակի բլուզները 14 դոլար են սահմանում մաքսազերծման գինը, մինչդեռ կանացի բլուզները տարբեր տեսակի գործվածքներից են կարված, տարբեր հատկություններ ունեն։

Ներմուծողներին ՊԵԿ-ը վստահեցրել է, որ հսկիչ գները սահմանել են շուկան ուսումնասիրելուց հետո, իսկ հսկիչ գներ են կիրառում, քանի որ Թուրքիայից ներմուծած ապրանքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը ՀՀ-ում օրինական ուժ չունի։
«Թուրքիայից եմ ներմուծում, աշխատում եմ ֆաբրիկաների հետ, նրանցից շատ էժան եմ ձեռք բերում, մեծ քանակությամբ եմ գնում։ Ես չգիտեմ ՊԵԿ-ը որտեղ է ուսումնասիրել, Թուրքիայում ուսումնասիրե՞լ է շուկան։ Կասկածում եմ, որ ՊԵԿ-ի աշխատակիցները Թուրքիա գնացել են, թուրքական շուկան էդպես լուրջ ուսումնասիրել են, որի հիման վրա էլ հսկիչ գին են սահմանել։ Այո, ՊԵԿ-ի աշխատակիցները գնում են Թուրքիա, բայց հանգստանալու նպատակով, այն էլ՝ Անթալիա, որտեղ գները շատ բարձր են»,-ասում է գործարարը»։

ՊԵԿ-ը մաքսազերծման գների փոփոխությունը պատճառաբանում է ԵԱՏՄ կարգավորումներով։ Այս առնչությամբ Էմիլ Մկրտչյանն ասում է․«Ես իմ ֆիրմայի անունով հենց Թուրքիայից ապրանք եմ ուղարկում Մոսկվա, Կրասնոդար, մինչ օրս կիլոգրամը երեք դոլարով է մաքսազերծվում։ Հիմա սա ինչպե՞ս կմեկնաբանեն, նույն ԵԱՏՄ տարածքն է»։

Այսօր հագուստ եւ կոշիկ ներկրողները նույն հիմնավորմամբ բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։

Նրանք պատմում էին, որ մաքսազերծման նոր պայմաններով ապրանքը թանկանալու է, իսկ տնտեսական այս ճգնաժամային վիճակում մարդկանց գնողունակությունն ընկել է, հետեւաբար թանկ ապրանք չեն կարող գնել։ Ցույցի մասնակիցներից մեկի պատմելով՝ անգամ երեք հազար դրամանոց ապրանքի դեպքում են մարդիկ սակարկում, խնդրում զեղչ անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Հագուստ ներկրողները պահանջում են վերանայել մաքսազերծման գնային պայմանները։

Այսօր ՊԵԿ-ն այս խնդրի առնչությամբ պարզաբանում է տարածել․ «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, դեռևս նախօրեին` մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը եւ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը: Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների եւ գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները: Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաեւ ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու եւ աշխատելու նպատակով։ Մոտ 30 րոպե տեւած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները եւ հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից եւ փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։ ՊԵԿ-ը տնտեսվարողներին եւս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930