ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ այսօր ԱԺ-ում իր հրաժարականի հարցի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթը հունից հանել է ԲՀԿ խմբակցության պատգամավորներին: Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասել էր. «Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»:
ԲՀԿ խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ ի պատասխան ճեպազրույց հրավիրեցին՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանը եւ փաստաբանի հետ քննարկելու են Արայիկ Հարությունյանի «լպիրշ եւ անբարո» պահվածքին իրավական գնահատական տալու հարցը:


Կարդացեք նաև
Իվետա Տոնոյանն էլ ասաց. «Մեզ համար երիցս անընդունելի են Արայիկ Հարությունյանի՝ ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատականները, որովհետեւ անգամ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն ու խմբակցությունը ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնել են, երբեւէ կոռեկտության սահմանը չեն անցել: Տարօրինակ ակնարկներով համեմված ելույթներ ունենալու փոխարեն ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը համենայնդեպս պատմության մեջ մնալու է որպես ԿԳՄՍ միակ նախարարը, ով հպարտությամբ իր աշխատասենյակում տրանսգենդերի էր ընդունում ու նախարարության պաշտոնական կայքում այդ հանդիպման մասին տեղեկություն էր տեղադրվում, դրանից հետո նույն տրանսգենդերը ոչ պակաս հպարտությամբ նշում էր, որ բավարարված է նախարարի հետ հանդիպումից: Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա որպես միակ նախարար, ով Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական եւ կրթական ծրագրերից: Նա կմնա որպես նախարար, ով Հայ գրականություն առարկայից «հայ» բաղադրիչը վերացրեց: Եթե այս կառավարության կազմին եւ խորհրդարանական այս մեծամասնությանը կոմֆորտ է այս նախարարի հետ աշխատելը, ապա մեզ համար անընդունելի է նման «մասնագետի» գործունեությունը՝ հատկապես ոլորտի ղեկավարի պաշտոնում: Եթե իրենց համար հաճելի է նմանօրինակ տարրի հետ շարունակեն աշխատել, ապա թող աշխատեն»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, նման պահվածքը, ինչը դրսեւորեց Արայիկ Հարությունյանը, հարիր չէ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի եւ որեւէ տղամարդու:
Միքայել Մելքումյանը հավաստիացրեց, որ Արայիկ Հարությունյանը թույլ է տվել վիրավորանք ամբողջ մի մարզի բնակիչների նկատմամբ՝ ասելով կոտայքցիներ:
Շաքե Իսայանը հավելեց. «Ես վստահ եմ, որ բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները իրենց եզրակացությունը կունենան ԿԳՄՍ նախարարի ոչ պարկեշտ վարքագծի վերաբերյալ»:
Aravot.am-ը հարցրեց՝ լավ, այսօր բոյկոտեցիք, վաղը եկաք քվեարկությանը, հետո ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու՝ Շաքե Իսայանը պատասխանեց, որ եթե սպառեն խորհրդարանական ձեւաչափի բոլոր գործիքները, ապա չեն բացառում, որ կսկսեն փողոցային պայքար. «Ամենատարբեր պիկետները կսկսենք՝ մինչեւ հասնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































