Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վահրամ Միրաքյան. «Հրաշք տարածքներ են, պոտենցիալը մեծ է, բայց չի օգտագործվում». Հայաստանցի գործարարները Քարվաճառում ներդրումների համար տարածքներ են ուսումնասիրում

Սեպտեմբեր 19,2020 23:30

Արցախի ազատագրված տարածքների ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով մի խումբ գործարարներ սեպտեմբերի 18-ին եւ 19-ին ժամանել էին Արցախ: Գործարարները շրջեցին Քարվաճառի այն տարածքներում, որոնք կարող են զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնել: Հայաստանցի գործարարները մտադիր են հենց զբոսաշրջության ոլորտում ներդրումներ անել:
Գործարար Վահրամ Միրաքյանի խոսքով՝ Արցախի ազատագրված տարածքներում զբոսաշրջային գրավչությունը շատ մեծ է, հետեւաբար ներդրումային նախագծերը կլինեն հաջողված: Սակայն, ըստ պարոն Միրաքյանի, ամենագլխավոր նպատակն այդ տարածքներն ակտիվացնելն է, որը նաեւ ուղերձ կլինի այլ ներդրողների համար:

Aravot.am-ի հետ զրույցում Վահրամ Միրաքյանը, որը նաեւ «Մանթաշով գործարարների միության» նախագահն է, ասաց, որ գաղափարը միության անդամ գործարարներով են կյանքի կոչելու եւ այսօր արդեն եկել են իրենց գաղափարի հետեւից. «Ունենք այդ գաղափարը եւ գաղափարի հետեւից եկել ենք, որ ավելի իրատեսական դարձնենք, հասկանանք՝ որտեղ ինչ հնարավորություն կա, ինչ կարող ենք անել: Ճիշտ է՝ փոքր-ինչ հեռու է Ծաղկաձորի, Դիլիջանի համեմատությամբ, բայց Քարվաճառն էլ իր գրավչությունն ունի:
Հրաշք տարածքներ են, պոտենցիալը մեծ է, բայց չի օգտագործվում: Եթե այս տարածքներում համապատասխան մարքեթինգ կազմակերպվի, ենթակառուցվածքներ ստեղծվեն, ներդրումներն իրենց հետեւից նոր ներդրումներ կբերեն»: Նրա խոսքով, միությունում 60-ից ավելի գործարարներ կան, եւ բոլորն էլ հետաքրքրված են այստեղ ներդրումներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր հարցին՝ ուսումնասիրե՞լ եք դաշտը ինչպիսի՞ խնդիրներ կան, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ բիզնեսի համար, պարոն Միրաքյանն ասաց, որ առհասարակ մարդկանց մոտ հիմնական մտավախությունը տարածքների վերադարձն է. «Բայց մենք դրան չենք հավատում եւ այս պահի դրությամբ այդպես չենք մտածում: Ենթակառուցավածքների խնդիրներ, իհարկե, կան՝ գազ չկա եւ այլն, բայց դրանք լուծելի հարցեր են»: Ըստ նրա՝ աշխատուժը, հատկապես՝ մասնագիտացված աշխատուժը նույնպես խնդիր է, քանի որ մոտակա բնակավայրերում չկան այդպիսի մասնագետներ: Սակայն Վահրամ Միրաքյանը համոզված է՝ բիզնեսը որ եկավ, իր հետ կբերի այդ ենթակառուցվածքները:

«Ենթակառուցվածքները զարգանում են, ճանապարհների խնդիր կար, բայց նոր նախագահի ծրագրով արդեն լուծվեց, ջրագիծ է անցկացվում եւ համայնքները հերթով ջուր կունենան: Քարվաճառում հիվանդանոցի կառուցումը 2021 թվականի կեսերին ավարտին կհասցվի»,-ասաց Շահումյան վարչական շրջանի ղեկավար Հայկ Պետրոսյանը, երբ հետաքրքրվեցինք՝ Արցախի իշխանություններն ի՞նչ քայլեր են կատարում՝ ազատագրված այս շրջանը բնակեցնելու եւ ներդրումները խթանելու ուղղությամբ: Քարվաճառը Շահումյանի 16 համայնքներից մեկն է, որն ունի 700-800 բնակիչ: Վարչական շրջանում 3300-3400 մարդ է ապրում:

Հայկ Պետրոսյանի կարծիքով, կոնկրետ Քարվաճառում կարելի է ներդրումներ անել անասնապահության եւ զբոսաշրջության ոլորտներում:
Վարչական շրջանի ղեկավարը գործարարներին Քարվաճառի տարածքում մի քանի հեկտարանոց տարածքներ ցույց տվեց, որոնք գլխավոր ճանապարհի եզրին էին: Դրանց մի մասն արդեն սեփականաշնորհված հողատարածքներ էին, մի մասը՝ վարձակալությամբ տրված:

Հետաքրքրվեցինք՝ ներգաղթի ծրագրեր կա՞ն: Ի պատասխան, Հայկ Պետրոսյանն ասաց, որ ներկա պահին 10-15 ընտանիք ցանկություն ունի տեղափոխվել Քարվաճառում ապրելու, պարզապես բնակարանների խնդիր կա. «Բնակարանները հերթով կառուցվում են եւ ժամանակ է պահանջում: Շինարարությունը դեռ ավարտին հասցված չէ: Ցանկություն ունեցողներ շատ կան: Օրինակ՝ «Սիդնեյ» թաղամաս են կառուցում, որը 15 առանձնատուն պետք է ունենա: Հին շենքերը վերակառուցում ենք՝ ամեն շենքում 12 բնակարան կա:  Պետությունը բազմազավակների՝ հինգ եւ ավելի երեխա ուննեցողների համար բնակարաններ է կառուցում»:

Շահումյանի շրջանը գազիֆիկացված չէ, բայց, ըստ վարչական շրջանի ղեկավարի, փոխարենն էժան էլեկտրաէներգիա է արտադրվում եւ ՀԷԿ-երի շնորհիվ էլեկտրաէներգիայի  արտադրության ծավալներն օր օրի ավելանում են: Ըստ նրա, մեծ թվով ՀԷԿ-եր կառուցելով` մտադիր են ապահովել Արցախի էներգետիկ անկախությունը, ինչն արդեն հաջողվել է:


Վարչական շրջանի ղեկավարը նաեւ ասաց, որ Քարվաճառում գործազրկություն գրեթե չկա, քանի որ մարդիկ աշխատում են հիվանդանոցում, բանկում, վարչակազմում: Այստեղ էլ անապահով ընտանիքները նպաստ են ստանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930