Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել։ Նրանք նստել են կառավարության առջեւ` պահանջելով բանակցել Ռուսաստանի իշխանությունների հետ, որ սահմանները բացվեն։ Հացադուլի մասնակիցները նշեցին, որ չեն հեռանալու այնքան ժամանակ` մինչեւ խնդիրը լուծում չստանա։
Նրանցից ոմանք իրենց հետ բերել էին նաեւ երեխաներին, որոնք պառկել էին գետնին:
Ցուցարարների խոսքով, այսօր առավոտյան իրենցից երկու ներկայացուցչի ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
«Վարչապետը մեզ ասաց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է Հայաստանում: Ամեն դեպքում, վարչապետը հուսադրող պատասխան տվեց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգին, որ փողոցում են, գոնե իրենց հարցը լուծվի ինչ-որ տարբերակով»։

Հարցին՝ այլ երկրների հետ, որտեղ նույնպես ցածր չեն կորոնավիրուսի ցուցանիշները, Ռուսաստանը բացել է սահմանը ինչո՞ւ չի բացվում Հայաստանի հետ, ցույցի մասնակիցները պատասխանեցին, որ այդ հարցը նույնպես տվել են վարչապետին, ինչին ի պատասխան ասել է, որ տեղյակ է, երկու երկրի տվյալներ արհեստականորեն իջեցվել են, սակայն, Հայաստանը չի կարող կեղծ տվյալներ հրապարակել, քանի որ պայմանավորված է համաճարակով եւ վտանգավոր է այլ թվեր ներկայացնել:
Ցույցի մասնակիցներն ասացին, որ ՌԴ-ի հետ բանակցելու հարցում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում եւ չեն էլ ուզում խառնվել այդպիսի թեմաների:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանի հազարից ավելի քաղաքացիներ բողոքի ցույց են անում կառավարության եւ Ազգային ժողովի մոտ ՌԴ մեկնել չկարողանալու համար։ Նրանց խոսքով, այստեղ ապրելու միջոց չունեն, ընտանիքների մի մասն այնտեղ է, վարկեր ու բիզնես ունեն, ու խնդիրների առաջ են կանգնել։

Հարցին՝ փորձե՞լ են Հայաստանում աշխատանք գտնել, գյուղատնտեսությամբ զբաղվել՝ ինչպես որ վարչապետն էր հորդորում կորոնավիրուսի օրերին, ցույցի մասնակիցները պատասխանեցին, որ փորձեր արել են, սակայն ապարդյուն, գյուղմթերքը շատ էժան գներով ստիպված են եղել տալ եւ օգուտ չունենալ: Մասնակիցներից մեկն էլ ասաց՝ երեւանցին որտե՞ղ մարգեր ցանի, ասֆալտը քանդի՝ ցանի՞:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































