Aravot.am-ը մայրաքաղաքի փողոցներում հարցում իրականացրեց՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեմայով: Մարդիկ, բնականաբար, մտահոգ էին, բայց այլ ելք, քան հաղթանակն է, չեն դիտարկում:
«Շատ անհանգիստ ենք: Սահմանին հարազատներ, բարեկամներ չունենք, բայց սաղ մերոնք են, սաղ մեր հարազատներն են, ամբողջ օրը տելեվիզորից էս կողմ չենք գալիս: Մենք անպայման հաղթելու ենք»:

Քաղաքացիների խոսքով՝ «այս պատերազմով Հայաստանի ապագան է որոշվում ու մենք պիտի ունենանք մենակ հաղթանակ, ազգովի պիտի կանգնենք դրա համար»:
Կարդացեք նաև
Մի քաղաքացի էլ մտահոգ էր, որ թույլ չեն տալիս երկրապահներին լինել առաջնագծում, նրանք պատերազմի թոհուբոհով անցած են, ունեն մեծ փորձ ու 20-22 տարեկան երիտասարդների փոխարեն, ըստ նրա, պետք է լինեին ավելի տարեցները. «Միանշանակ, երիտասարդները մարտական խնդիրը լուծում են, այն, ինչ անում են մեր երեխաները, մեր տղաները, այն հերոսությունը, դրա մասին ոչ մի ուրիշ կարծիք լինել չի կարող: Ես, ճիշտ է, տղա չունեմ, բայց որպես մայր մղկտում է հոգիս ամեն մեկի համար: Նրանք դեռ սերունդ ունեն տալու»:
Մի երիտասարդ տղա էլ սրտնեղում էր. «Ես ծառայության մեջ եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, կամավոր եմ գրվել, այդպես չեն տանում, իմը առանձին հրամանով է լինելու ու սպասում եմ: Սաղ ընկերներիս ճանապարհել եմ, մնացել եմ ես»: Հարցին, թե ի՞նչ ելք է կանխորոշում՝ նա վստահ պատասխանեց. «Հաղթելու ենք, տարբերակ չկա… Ես էլ եմ լսել Ստեփանակերտը հրթիռակոծելու լուրը, բայց դե պատասխանը ուշ թե շուտ ստանալու են ու ավելի մեծամասշտաբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































