Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի 6-րդ դասարանի աշակերտները ոգեւորված պատմում են, թե ով ի՞նչ է բերել, որ ուղարկեն սահման՝ զինվորներին կամ Արցախում պատերազմի հետեւանքով տուժած իրենց հասակակիցներին: Նրանք որոշել են ետ չմնալ ավագ ընկերներից: Պատերազմի մասին լուրն առնելուց հետո գյուղի ավագ դպրոցի տղաները՝ «խելք-խելքի» են տալիս եւ որոշում են, թե իրենք ինչպես պետք է օգնեն համազգային գործին: Որոշում են եւ անցնում գործի. գյուղից մոտ մեկ միլիոն դրամ գումար են հավաքում երկու «Գազել» ավտոմեքենա սնունդ եւ հագուստ:

Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գյուղի միջնակարգ դպրոցը արցախյան առաջին պատերազմում զոհված Հրայր Կարապետյանի անունն է կրում: Արցախյան առաջին պատերազմում գյուղը երեք զոհ է տվել՝ Հրայրը, Արմենը, Շիրակը:
«Ողջ դպրոցում հայտարարեցինք, որ, մինչև օրվա վերջ ով ինչով կարող է՝ օգնի՝ սկսած հագուստից, վերջացրած հիգիենայի պարագաներով, սննդով: Այդ օրը մենք հերթապահում էինք դպրոցում. մինչև գիշերվա 23:00-ն մարդիկ բերում էին՝ ով ինչ կարող էր: Երկու մեծ պայուսակ միայն կոշիկ էինք հավաքել՝ բոլոր չափսերի: Նաև ուսուցիչները գումար ներդրեցին, որը ծախսվեց ներքնաշորերի, գուլպաների վրա, որոնք, իհարկե, այլ անձանցից վերցնել չէր լինի, նորերը գնեցինք: Գյուղացիները բերել են ալյուր, լոբի, մակարոնեղեն, ձեթ, մի խոսքով՝ անհրաժեշտ ցանկացած մթերք»- մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Լիլիթ Ենգիբարյանը:
Գյուղում նաեւ հյուրընկալվել են Արցախի ռմբակոծված բնակավայրերից տեղահանված երկու տասնյակից ավել մարդ: Պատրաստ են էլի հյուրընկալել:

Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































