Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկել է: Լավրովը հանդիպման մեկնարկին խոսեց այն կարեւոր պայմանավորվածության մասին, որը ձեռք բերվեց երկու օր առաջ Մոսկվայում. «Մենք տեսնում ենք, որ պայմանավորվածությունը ամբողջությամբ չի կատարվում եւ ռազմական գործողությունները շարունակվում են: Մեր հաշվարկով, այն կոնտակտները, որոնք մենք ունենք ձեր հետ, Ադրբեջանի մեր գործընկերների հետ, կկարողանանք ապահովել ձեռք բերված պայմանավորվածության լիակատար կատարմանը, այն պայմանավորվածության, որը ձեռք է բերվել եռակողմ ձեւաչափով հանդիպման ընթացքում»:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ կարողացել են հասնել արդյունքի, Սերգեյ Լավրովի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ. «Մեզ հաջողվեց համաձայնության գալ նախարարությունների մակարդակով կրակի դադարեցման շուրջ, մենք շատ բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը եւ Ռուսաստանի ներդրումը՝ այս արդյունքի հասնելու համար: Այսօր անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները ու այստեղ ՌԴ-ի դերակատարումը շատ կարեւոր է: Ցավոք, այս պահին, մենք չենք կարող հավաստել, որ պրակտիկայում մենք ունենք հրադադար: Հենց այստեղ գալուց առաջ էլ շարունակում էինք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի կատարում իր պայմանավորվածությունը՝ կրակի դադարեցման: Զոհրաբ Մնացականյանը կարեւորեց պայմանավորվածությունը հարգելու մեխանիզմների գործի դնելը. «Այս ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած, շարունակվում են ագրեսիայի լայնամասշտաբ գործողությունները՝ Արցախի բնակչության դեմ, ի հայտ են գալիս ղարաբաղյան հակամարտության իրական նպատակները»:

Կարդացեք նաև
Զոհրաբ Մնացականյանը նաեւ ներկայացրեց, թե ենթակառուցվածքներին ինչ հարվածներ են եղել, քանի տուն ու մասնավոր խանութ է վնասվել, կապի, էլեկտրաէներգիայի մատակարարման կարեւոր օբյեկտներ, մանկապարտեզներ, արտադրամասեր ու այլ շենքեր են վնասվել, 25 կարեւոր օբյեկտների են հարվածել:
Նա ընդգծեց Թուրքիայի ներգրավվածության եւ վարձու ահաբեկիչների հարցը, որոնց Թուրքիան բերում է այս տարածաշրջան. «Վարձու ահաբեկիչների ներգրավելու հարցը ոչ միայն մեր աղբյուրներն են հաստատում, այլեւ՝ միջազգային հանրությունը»: Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ այսօր երկար, արդյունավետ քննարկում կունենան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից


















































