Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է». Վաշիգտոնում ԼՂ հակամարտության շուրջ հանդիպումների օրակարգի հիմնական հարցը հրադադար հաստատելն է. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 22,2020 08:49

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է:

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Իրավիճակը բարդ է նաև դիվանագիտական ասպարեզում, հավելել է պետքարտուղարը, ով գալիք ուրբաթ օրը պատրաստվում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնյան հանդիպումների առաջնային օրակարգում է:

Հիշեցնենք, որ հոկտեմնբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում: Հրադադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց: Ղարաբաղյան հակամարտության գոտում արյունալի մարտերը շարունակվում են:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյթցն ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Հրադադարի չպահպանման հիմնարար պատճառը, ըստ վերլուծաբանի, ադրբեջանական կողմի ցանկությունն է իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ: Մեկ այլ ավելի փոքր գործոններից է, ըստ նրա, տեղերում կողմերի ռազմական հրամանատարության գործողությունները:

«Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որևէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի շատ տարածքներ նշանակում է բանակցություններին՝ ավելի ամուր դիրքեր»,- ասում է Հուդզոն հաստատության վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով էլ հրադադարի հաստատման միջնորդական առաքելությունը բավականին դժվարին է: Կողմերի հանրային կարծիքները փոխզիջման վերաբերյալ մեծ մասամբ բացասական են, որը խափանում է զինադադարի հաստատումը: Նա պնդում է՝ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Կարծում եմ բոլոր կողմերի համար միակ ճիշտ պատասխանն է վերադարձը բանակցային սեղանին և աշխատանքը փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության»,-ասում է Քավանոն:

Հիշեցնենք, որ վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Մոսկվա, ուր առանձին հանդիպումներ են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էր ԼՂ համակարտության շուրջ իրավիճակն ու կրակի դադարեցման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Մնացականյանը, որպես առաջնահերթ նպատակ, ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնում կայացող հանդիպումներից առաջ մարդասիրական հրադադարի ռեժիմի մասին համաձայնությունները, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, ձեռք են բերվել նախ Ռուսաստանի, իսկ այնուհետև Ֆրանսիայի միջնորդություններով:

Արամ Ավետիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031