Լոռիում ու մարզի սահմաններից դուրս Աննա Հովհաննիսյանին շատերն են ճանաչում: Աննան աշխատում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որպես՝ կրթական, վարչատնտեսական հարցերի համակարգող, ինչպես նաեւ «Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբի հիմնադիրն է:
Պատերազմի լուրն իմանալուց հետո, Աննան էլ շատերի պես մեկնեց Արցախ, փորձելով ուժերի ներածին չափով օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին: Արցախում որպես բուժքույր աջակցեց վիրավոր զինվորներին ցուցաբերվող օգնության հարցում. «Քանի դեռ թիկունքն ուժեղ է, միանշանակ մեր բանակն էլ պետք է ուժեղ լինի: Ցանկացած պահի պատրաստ եմ մեկնել սահման եւ պաշտպանել: Ինձ համար պատերազմի ընթացքում չկա աղջիկ, տղա հասկացողություն: Բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ՝ հանուն մեր հայրենիքի ու հաղթանակի»:

Ֆեյսբուքում հայտարարությունը դնելուց մի քանի րոպե անց, Աննայի ընկերները սկսել են արձագանքել: Առաջին փոխանցումներն էլ հենց 1000-ական դրամներ են եղել: Որից հետո գումարի չափերը սկսում է մեծանալ: Արդյունքում, մի քանի ժամվա ընթացքում հավաքվում է մի քանի հարյուր հազար դրամ:
Կարդացեք նաև
Այդ ամենից ոգեւորված, Աննան հրապարակումը տեղադրում է նաեւ «Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբում. «Մտածում էի, որ եթե 100 խմբակից էլ ինձ վստահի, էլի կկարողանամ ինչ-որ բան գնել: Բայց մարդկանց արձագանքներն ուղղակի ապշեցուցիչ էին: Հազարավոր մարդիկ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ֆինլանդիայից սկսեցին ինձ գումարներ փոխանցել ու ոչ փոքր գումարներ: Մարդ կար, որ առանց ինձ ճանաչելու փոխանցում էր 300 եվրո»,- ասում է Աննան:
Արդյունքում, մի քանի օրվա մեջ հաջողվում է հավաքել 3 միլիոն 300 հազար դրամ ծննդյան գումար: Այն հավաքվել է ավելի քան 2000 մարդու օգնությամբ: Այսքանով գումարի հավաքագրումը չի ավարտել, մարդիկ, ովքեր վստահում են Աննային, շարունակում են գումար փոխանցել նրա հաշվեհամարին. «Իրականում ես այս հույսը չունեի, բայց փաստացի մարդիկ վստահեցին ինձ: Կարծում էի, որ իմ ընկերները կփոխանցեն ու գոնե 200 հազար դրամ կհավաքեմ եւ ինչ էլ գնեմ էլի օգուտ է: Բայց արի ու տես իմ սպասելիքները տասնապատկվեցին: Հիմա ես ամեն օրվա կտրվածքով ինչ հնարավոր է գնում ու ուղարկում եմ սահման: Կամ ես եմ տանում, կա՛մ համապատասխան մարդկանց հետ եմ ուղարկում,- ասաց Աննան ու տեղեկացրեց, որ նշված գումարից արդեն երկուս ու կես միլիոն դրամի գնումներ է կատարել. «Սկսած գլխարկներից, ձեռնոցներից, վերջացրած չոր սպիրտով, ինչը Հայաստանում գտնելն իրականում շատ դժվար է: Երկու անգամ արդեն ուղարկել եմ գնումները՝ 2,3 ուղղություններով: Նաեւ իմ բժիշկ ընկերների միջոցով փորձում եմ օգնել նաեւ վիրավոր զինվորներին, այսինքն՝ դեղորայք եւս ուղարկում եմ: Այս պահին ունենք պատվիրված պարագաներ՝ տաք սվիտր, գլխարկներ եւ այլն: Բացի այդ փորձում ենք գնել նաեւ հայկական արտադրանք: Օգնությունը մեկանգամյա չէ, քանի ոչ ինձ անընդհատ գումարներ են փոխանցում, օգնությունը պարբերաբար գնում է մեր զինվորներին»:



Բացի այդ, Աննան կամավորագրվել է նաեւ աղջիկների ջոկատում: Մեկ անգամ անցել է համապատասխան հարցազրույցի փուլը, այժմ սպասում է առաջնագիծ մեկնելու իր հերթին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի



















































Չենք ճանաչում, բայց ապրի աղջիկը;