Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն

Նոյեմբեր 23,2020 17:40

Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։ Գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

Aravot.am-ի հետ զրույցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը պատմում է, որ ինքը ԱՀ-ի կրթության նախարարին իր օգնություն էր առաջարկել՝ լաբորատորիաների գույքի հետ նաեւ դպրոցներին պատկանող գույքն էլ իրենց ռեսուրսներով տեղափոխեն Հայաստանին սահմանակից մարզեր ։

«Քարվաճառի մեր խմբավարն այդ օրերին այդտեղից դուրս եկած է եղել։ Մեր գնալուց մի օր առաջ խմբավարը գնացել էր լաբորատորիա ու տեսել, որ այնտեղ մնացել էր միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։ Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Այն, ինչ մնացել է, ըստ պարոն Վարդանյանի, չեն տարել, հավանաբար չիմանալով, թե դրանք ինչ են։

Հետո Սեդրակ Վարդանյանն է իր թիմով գնացել։ Նկարագրում է՝ ամբողջ դպրոցն ահավոր վիճակում էր․«Կարծես արտաքին թշնամին էր անցել այդտեղով, ամեն ինչ կոտրած, ռադիատորները վնասված։ Մեր բեռնատարներով դպրոցի գույքը՝ պահարաններ, սեղաններն ու աթոռները, գույքի մոտ 80%-ը կարողացանք փրկել։ Դրանք պահեստավորեցինք Վարդենիսի դպրոցներից մեկում»։

Պարոն Վարդանյանն ասում է՝ Քարվաճառի լաբորատորիայից գողացել են վեց ամբողջական համակարգիչ, ռոբոտի հավաքածուն, որը 730 հազար դրամ արժեր։ Ռոբոտն ինչներին էր պետք, հարցի պատասխանը Վարդանյանը չունի, ենթադրում է, որ գողերը դրանք կամ դեն են նետելու, կամ էլ փորձելու են մաս-մաս վաճառել ասենք՝ լաբորատորիաներից մեկին։

Հետո այցելել են Քաշաթաղի լաբորատորիաներ, մինչ այդ, պարոն Վարդանյանը զանգահարել է Բերձորի վարչակազմ, որպեսզի նրանց օգնությամբ փորձի պահպանել գույքը, մինչեւ իրենք տեղ կհասնեին․ «Զանգեցի, ինձ ասացին՝ համարեք, որ չկան, երեք ոստիկան է մնացել ամբողջ Քաշաթաղում։ Մոշաթաղի լաբորատորիան էլ վերջին երկու ամսում էինք բացել, բացումը շատ գեղեցիկ էր, չէինք էլ սկսել աշխատել, այստեղ ընդամենը երկու մոնիտոր է մնացել, ամբողջը թալանել էին։ Գյուղի բնակիչներին ասել եմ՝ ձեր երեխաները որտեղ էլ լինեն՝ ես պատրաստ եմ նրանց համար ապահովել անվճար այցելություն լաբորատորիաներ, ձեր երեխաների համար է, վերադարձրեք գույքը։ Չազդեց։ Յոթ ամբողջական համակարգիչ էլ այստեղից էին գողացել։ Տանձուտի դպրոցի դպրոցական կահույքը, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատոր սարքավորումները եւ գրադարանների ամբողջ գրքերը տեղափոխվեցինք Սյունիքի մարզ, Բերձորի Արմաթ լաբորատորիայի մի քանի սարքավորումները եւ Շուշվա շրջանի Հին Շենի դպրոցի ամբողջ լաբորատորիան նույնպես տեղափոխվեցինք ապահով վայր։ Դեպի Հին Շեն երթեւեկություն էլ չկար, միայն ռուսական հենակետեր էին։ Ես դպրոցի տնօրենի հետ խոսեցի լաբորատորիայի մասին, բայց բնակչություն չկար, երկու հոգի էին մնացել, այն էլ պատրաստվում էին դուրս գալ»։

Այն, ինչ պարոն Վարդանյանը տեսել էր այս շրջաններում, բնութագրում է որպես քաոսային եւ անիշխանություն, ասում է՝ մարդիկ մնացել էին բախտի քմահաճույքին, բնակիչներին հորդորել էին գույքը չհանել, եւ բայց սա այն դեպքում, երբ Արցախի բարձրաստիճան պաշտոնյային պատկանող ՀԷԿ-ը Քարվաճառում արագ ապամոնտաժում էին։ «Բերձորցիներն էլ վերջնական չգիտեն՝ Բերձորը մնալո՞ւ է մեր վերահսկողության տակ, թե՞ ոչ։ Հետեւաբար չգիտեն՝ մնա՞ն, դո՞ւրս գան։ Ի՞նչն էր խանգարում Արցախի եւ Հայաստանի իշխանություններին արագ կազմակերպեին, որպեսզի օրինակ՝ Քարվաճառի եւ Քաշաթաղի դպրոցների գույքը տեղափոխեին հարեւան մարզեր՝ Գեղարքունիք եւ Սյունիք: Գոնե գնան հիմա պատուհանները հանեն բերեն, տեսնեն ինչ է մնացել, փրկեն։ Մարդիկ ռազմաճակատից վերադառնում են ու տեսնում՝ իրենց տունը թալանված է։ Ով էլ ուզում է իր գույքը տեղափոխի՝ աջակցող չկա, պետությունը ոչինչ չի ձեռնարկում։ Բայց այ, անտառահատները շատ կազմակերպված աշխատում էին, հազարներով մոբիլիզացված աշխատում էին»,-ասում է պարոն Վարդանյանը։

Արցախում գործում էր 32 «Արմաթ» լաբորատորիա, որից 11-ը, Սեդրակ Վարդանյանի խոսքերով ասած՝ մնաց արտաքին թշնամուն, 2-ն էլ ներքին թշնամին թալանեց․ «Մարտակերտի ու Մարտունու շրջանների շենքերը պատկերացնում եք ինչ ռմբակոծության տակ են եղել, հիմա այս շրջանների գյուղերի սահմաններն են փոխվել, պարզ էլ չէ՝ մարդիկ կվերադառնա՞ն, ապահով կլինի՞։ Օրինակ՝ Մարտունու Թաղավարդ գյուղում լաբորատորիա ունեինք, Թաղավարդի կեսը մերն է, մյուս կեսը՝ թշնամունը, պարզել եմ, որ Թաղավարդի դպրոցը ադրբեջանցիների ձեռքում է։ Հիմա այս տարածքներում ո՞վ է ապրելու։ Ռուսների հենակետերն էլ իրարից 8-10 կիլոմետր հեռու են, իսկ այդ արանքում ո՞ւմ վրա է լինելու վերահսկողությունը, շատ վտանգավոր է»։

Իրավապահ մարմիններին պարոն Վարդանյանը դեռ չի դիմել, առանձնապես մեծ հույսեր էլ չի կապում նրանց հետ․ «Գիտեմ, որ արդյունքը զրոյական է լինելու։ Բայց իմ այս հարցազրույցը ոստիկանությունը թող ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30