Երեկվանից կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ հայտարարած «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մարդիկ այսօր վերհիշում են Քարվաճառի ռեստորանում ՀԴՄ-ի հետ կապված վարչապետի եւ ձեր միջեւ միջադեպը: Հիմա Քարվաճառը հանձնվել է Ադրբեջանին: Ռեստորանը մնացե՞լ է, թե՞…
«Ռեստորան, տուն, մեքենա… նյութական արժեքները իմ համար երբեք առաջնային նշանակություն չեն ունեցել: ՀԴՄ-ի այդ պատմությանը այնքան ճղճիմ սուտ էր, որ դրան անդրադառնալ անգամ չեմ ուզում, որպեսզի չէժանանա հայրենիքի, հողի համար մեր այսօրվա պայքարը: Հիմա ժողովուրդը թող իրենից պահանջի Շուշիի ՀԴՄ-ն, Քարվաճառի ՀԴՄ-ն, Հադրութի ու հանձնված բոլոր շրջանների ՀԴՄ-ները:

Ես ռեստորանը թողել՝ եկել եմ: Բայց տղաները ինչ հնարավոր էր՝ հանել են, մնացածը կոտրել ու վերջում այրել են: Ես դրան էլ եմ դեմ, որովհետեւ այդպես մենք մի տեսակ այնտեղ վերադառնալու մեր հույսն էլ կարծես այրեցինք: Ես թքած ունեմ նյութականի վրա: Դա միշտ կարելի է ստեղծել: Կարեւորը հողն է, ինչի վրա դու ստեղծում, կառուցում ես: Կարեւոր է, թե ինչ ես թողնում քո երեխային: Իմ համար դժվարը իմ որդու աչքերին նայելն է, որ իրեն անկախ իմ կամքից ավելի վատ, ավելի փոքր, ավելի խեղճացած Հայաստան եմ թողնում, քան ես եմ ժառանգել: Մենք 30 տարի գլուխներս բարձր քայլել ենք: Իսկ հիմա իմ ութամյա որդին, որին տարել եմ Օմարի դիրքեր, բացատրել, թե որն է սահմանը եւ ինչի համար պետք է այն պահել, եթե հարցեր տա, պիտի գլուխս կախեմ ու փորձեմ կմկմալով ինչ- որ բացատրություններ գտնել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































