«Նիկոլ ազգադավ», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով այսօր ՀՀ դատախազության շենքի դիմաց ընթացավ «Ազգային օրակարգ» կուսակցության բողոքի ցույցը: Ընդդիմադիր կուսակցության անդամները պահանջներ ներկայացրին ՀՀ դատախազությանը՝ քրեական գործեր հարուցել կապիտուլյացիայի ակտ ստորագրած եւ հայրենիքի տարածքները հանձնած, մեր զինվորներին եւ կամավորականներին թիկունքից հարվածած իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի, մյուս պատասխանատուների եւ նրանց հանցակիցների նկատմամբ, դադարել սպասարկել «հայրենադավ իշխանությանը» եւ կողմ դառնալ ազգային պայքարին:

Նրա կարծիքով մի շարք հարցերի մասով ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործեր հարուցեր. «Ինչպե՞ս եղավ, որ այս պատերազմում մենք պարտվեցինք, ինչպե՞ս եղավ, որ այն զենքերը, որոնք ունեինք եւ որ պիտի կրակեին`չկրակեցին, ինչպե՞ս եղավ, որ այն գեներալները, որոնք պիտի մասնակցեին պատերազմի կառավարմանը`տարբեր բունկերներից դուրս մղվեցին, ինչպե՞ս եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ պետք է չլինեին: Մինչդեռ, դրա փոխարեն, ՀՀ դատախազությունը շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի եւ տապալված վարչապետի շահերը: Վարչապետի, որը կերտեց այս պարտությունը»:
Արա Հակոբյանը հավելեց նաեւ, որ դատախազությունից պահանջում են, որ դադարեցնեն այս ամենի դեմ պայքարող ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական հետապնդումները:
Կարդացեք նաև

Լրագրողների հարցերին ի պատասխան, Արա Հակոբյանն ասաց, որ դատախազությունից առանձնապես ակնկալիքներ չունեն, բայց հույս ունեն, որ դատախազության աշխատակիցների այն մասը, որ իրապես պետության ծառայող են իրենց համարում`կվերանայեն գործելաոճը եւ կշարունակեն ծառայել պետությանը, ոչ թե իշխանախմբին:
Բանախոսի կարծիքով, Հայաստանում պարտադիր պետք է իշխանափոխություն լինի. «Բոլոր պատասխանատուները`պետական մարմիններում, որոնք այս կորուստի համար իրենց լուման են ներդրել`պատասխան են տալու օրենքի առջեւ»:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգում իրականացվող կադրային փոփոխություններին էլ, նա ասաց, որ այդպիսով իմիտացիա է ստեղծում Նիկոլ Փաշինյանը, թե իբր շարունակում է իշխել: Բայց ինքը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է. «Նիկոլ Փաշինյանը պարտված վարչապետ է, որ կապիտուլյացիա է ստորագրել, նա չի կարող ներկայացնել ոչ ՀՀ-ն, ոչ ՀՀ ժողովրդին եւ նա պետք է հեռանա: Մենք նրան կհեռացնենք`հանրային ճնշման միջոցով`օգտագործելով նաեւ ԱԺ-ն, որպես պետական մարմին»:
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ընդունումից հետո, ըստ Արա Հակոբյանի, պետք է ձեւավորվի անցումային ճգնաժամային կառավարություն, որը կմեղմի ճգնաժամը, առկա ռազմական պարտության պայմաններում հնարավորություններ կստեղծի ինչ-որ բաներ ետ վերադարձնելու, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ:
Արա Հակոբյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հավանաբար անվտանգության երաշխիքներ է ուզում` հեռանալու համար եւ նա կմնա այնքան, որքան իրենք մենք բոլորով թույլ կտանք. «Իսկ մենք այնպես պետք է անենք, որ նա այլեւս չկարողանա մնալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































