Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ տելեկոմի» ենթակառուցվածքների նկատմամբ էլ պատերազմ էր գնում. Հայկ Եսայան

Դեկտեմբեր 03,2020 16:15

Ինչո՞ւ էին «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր եւ Հայկ Եսայան եղբայրները պատերազմի օրերին «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի աշխատանքներով զբաղվում՝ ինչպես որ նշված է մամուլի հրապարակումներում: Այսօր Beeline-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ասուլիսում լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին Եսայան եղբայրներին:

Հիշեցնենք, որ Եսայան եղբայրներն, ի դեմս «ԹԻՄ» ընկերության հոկտեմբերի 29-ին վերջնականապես ձեռք բերեցին Վեոն Արմենիա ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է «ԱրմենՏել» անվանմամբ:

«Եսայան եղբայրները չեն եղել, միայն ես եմ եղել՝ պատերազմից 24 ժամ չանցած, գիշերը գնացել եմ Արցախ»,-ի պատասխան ասաց «ԹԻՄ» ընկերության սեփականատեր ու համահիմնադիր Հայկ Եսայանը: «Մանրամասներ չեմ կարող պատմել, բայց կասեմ, որ մենք իրականացրել ենք «Ղարաբաղ տելեկոմի» կապի վերականգնողական աշխատանքներ, որը համարում եմ շատ կարեւոր փաստ ու օգնություն, որովհետեւ այդ պահին ուղղակի կապ չկար Արցախում: Եթե մենք չկարողանայինք հասնել եւ օգնել, շատ մեծ խնդիր կառաջանար Ղարաբաղում: Ուղղակի մի քանի օր՝ 4-5 օր, կարող է ընդհանարապես կապ չլիներ Արցախում, հեռախոսազանգ չլիներ, որը պատերազմական իրավիճակում շատ մեծ օրհասական խնդիր է, ինչպես գիտեք կապը պատերազմի ժամանակ առաջնային դեր ունի: Ցավոք այդ պահին բջջային կապն ամբողջությամբ օգտագործվում էր մեր ազգաբնակչության մակարդակով եւ այնտեղ ինտերնետ կապն անջատված էր, որպեսզի կարողանանք ցանցն ապահովել, որպեսզի կարողանանք գոնե բջջային կապը նվազագույն մասով ապահովել»,-ասաց պարոն Եսայանը՝ նշելով, որ այդ օրերին «Ղարաբաղ տելեկոմի» ենթակառուցվածքների նկատմամբ էլ պատերազմ էր գնում, սակայն իրենց աջակցությունից հետո տեխնիկական այդ խնդիրը լուծվեց. «Տեխնիկական շատ մեծ խնդիր էր եւ տեխնիկական շատ մեծ հարձակում էր, որի առաջ կանգնել էր «Ղարաբաղ տելեկոմը»: Դա առաջնագծի նման խնդիր էր, որը լուծվեց»:

Ասուլիսին ներկա «ԹԻՄ»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը ասաց, որ այսուհետ էլ անելու են «հնարավորինս եւ անհնարը» ոչ միայն Հայաստանում կապը, զարգացնելու, այլ նաեւ Արցախում. «Դա կլինի ուղղակի, թե անուղակի՝ մշակման փուլում է, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ոչ միայն ռոմինգի նաեւ հենց կապի որակը բարելավելու համար թե՛ մասնագիտական թե՛ տեխնիկական աջակցություն է լինելու: Մեր կողմից միանշանակ պատրաստակամություն է դրվել այդ ուղղությամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031