Թուրքիան և Ադրբեջանը հերքում են սիրիացի վարձկանների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, մինչդեռ 4 սիրիացիներ BBC-ին պատմել են, որ Ադրբեջանում պահակային ծառայության համար գրանցվելուց հետո իրենց անսպասելիորեն նետել են առաջնագծի մարտերի մեջ:
Մասնավորապես, նրանցից մեկի խոսքով՝ իր ընկերներից մեկն իրեն հայտնել է, որ Ադրբեջանում լավ գործ կա, և պահանջվում է միայն ռազմական անցակետում հսկողություն կատարել:

Երկուսն էլ աշխատանքի դիմել են Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման միջոցով:
Կարդացեք նաև
Մի տարածքում, որտեղ քչերն են, որ կարողանում են օրական մեկ դոլարից ավելի աշխատել, խոստացված աշխատավարձն իսկապես երջանկություն է թվացել: Նման կերպ հավաքագրվել է 1500-2000 մարդ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայից՝ ռազմական բեռնատար օդանավով:
«Ես չէի սպասում, որ ողջ կմնամ,- ասել է Քութայբան:- Հավանականությունը 1 տոկոս էր: Շուրջբոլորը մահ էր»:
Սիրիացի վարձկանները, ըստ BBC լրագրողի, տեղակայվել են Ադրբեջանի հարավային ճակատում, որտեղ զոհվելու հավանականությունը շատ բարձր էր:

«Մենք չգիտեինք՝ ինչ անել, ինչպես արձագանքել,- պատմել է մեկ այլ վարձկան՝ Սամիրը՝ հավելելով, որ ինքը և իր հետ եկածների մեծ մասը ռազմական փորձ կամ պատրաստվածություն չեն ունեցել:- Ես տեսել եմ՝ ինչպես էին մարդիկ մահանում, իսկ մյուսները խելագարի նման վազում էին: Նրանք անգամ չէին հասկանում՝ ուր են գնում, քանի որ սովորական քաղաքացիներ էին»:
Նրանք բոլորն էլ պատմել են, որ իրենց շատ քիչ են տրամադրել բժշկական աջակցություն կամ պաշտպանական միջոցներ: Վարձկանների խոսքով՝ իրենց ընկերներից շատերը պարզապես արյունաքամ են եղել մարտի դաշտում այն դեպքում, երբ բժիշկները հեշտությամբ կարող էին նրանց փրկել:
CNA ռազմական կենտրոնի փորձագետ Մայքլ Քոֆմանը BBC-ի հետ զրույցում ասել է, որ վարձկաններ օգտագործելու նպատակը եղել է նվազեցնել ադրբեջանցի զինվորականների կորուստները:
«Նրանք շատ քիչ զոհեր են ունեցել, հատկապես հարավ-արևելքում,- ասել է նա:- Այդ վարձկանները, ըստ էության օգտագործվել են որպես ծախսվող հարձակողական զորքեր՝ դեմ գնալու առաջին ալիքին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































