Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցիները չեն լռելու

Դեկտեմբեր 18,2020 19:45

Ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին, ինչպես եւ նախատեսված էր՝ Կապանի մերձակա գյուղերի ռազմավարական դիրքերը հանձնվեցին հակառակորդին։ Այս տեղեկությունը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Նշենք, որ  այդ դիրքերից 1992-1993 թթ․ հայ–ադրբեջանական հակամարտության տարիներին հակառակորդը  թիրախավորում էր Կապանն ու հարակից տարածքները։ Այդ տարիներին հայկական կողմը դրանք ազատագրել էր։

Հիշեցնենք, որ  երկու օր է, ինչ բողոքի ցույցեր են կազմակերպում Սյունիքում։ Հինգշաբթի կապանցիները  փակել էին Կապան–Երեւան միջպետական ճանապարհը, իսկ ուրբաթ՝ գորիսեցիներն էին Որոտանի գյուղի տարածքում փակել միջպետական ճանապարհը։ Բողոքի ցույցերը շարունակական բնույթ են կրելու, մինչեւ սյունեցիների անվտանգության հարցը չլուծվի, ինչպես նաեւ գորիսեցիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Հողերը ծախողը իրավունք չունի ղեկավարելու մեզ: Արցախի հողերից հետո՝ հայկական հողերն է ծախում, մեր որդիների արյունն է թափված էդ հողերում»,–նշեցին սյունեցիները։

Մինչ դիրքերի հանձնումը, «Սյունիք» օդանավակայանի հանդիպակած բնակավայրի՝ Քաշաթաղի վարչական շրջանի մեջ մտնող բնակավայրերում՝ տեղացիները վառում էին իրենց տները։

ԵԿՄ Քաջարանի տարածքային կառույցի խորհրդի անդամ Գարիկ Ղազարյանից Aravot.am-ը փորձեց ճշտել, թե ինչ իրավիճակ է այս պահին Կապանի սահմաններում։ «Երեկ ճանապարհ փակելու ակցիայի ժամանակ հենց այս մասին էինք խոսում, իսկ դեռ 24 ժամ չանցած՝ մարդիկ տուն են վառում, հեռանում, որ չմնա թուրքին։ Իսկ այն ծախվածները, որոնք այս հողերը վաճառեցին՝ մի օր պատասխան են տալու, մենք չենք լռելու»,–մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Գարիկ Ղազարյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031