Այսօր Պաշտպանության նախարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով հանձնաժողով ստեղծել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի համար։
Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք ապաքաղաքական են եւ անհատներ են, որոնք մտահոգված են Հայաստանի սահմանների խնդրով։
«Սյունիքի սահմանները վտանգված են, քանի որ թշնամին փորձում է դիրքերն առաջ բերել: Այս պահին ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում, բայց անհրաժեշտ ոչ բոլոր քայլերը։ Սահմանագծման եւ սահմանազատման համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն ՊՆ ներկայացուցիչները, այլեւ՝ ԱԳՆ-ից մասնագետներ, գեոդեզիստ- քարտեզագրողներ: Նրանք կկարողանան ճիշտ ձեւերով կատարել սահմանազատումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ այս գործընթացում հայկական տեսակետն ու շահերն առաջ տանող չկա․«Մենք Խորհրդային քարտեզներով ենք առաջնորդվում, իսկ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Այստեղ շատ կետեր կան, որ ՀՀ-ն կարող է դրանից կառչել ու ի շահ մեր երկրի հանգուցալուծի խնդիրը»։
Նախաձեռնության մասնակիցները կառավարությունից պահանջում են հանրությանը տեղեկացնել՝ ովքեր են ներգրավված Հայաստանի կողմից սահմանային խնդիրների լուծման գործընթացում․ «Ինչ քայլեր են անում եւ արդյոք ճիշտ է, որ մենք պետք է այս պահին հույսներս դնենք Ռուսաստանի վրա, որովհետեւ մեզ այդպիսի պատասխան են տալիս, թե մեր փոխարեն աշխատանքները տանում են ՌԴ ներկայացուցիչները։ Ինչո՞ւ է այդպես»:
Գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանն էլ ասաց, որ մամուլով տեղեկություններ են տալիս, որ հիմա սահմանազատման գործընթացներ չեն կատարվում, այլ երկու կողմերի մարտական հենակետերն են ամրացնում, դրանք սահմանազատման աշխատանքներ չեն․ «Այսինքն, հետագայում սահմանազատման գործընթացում, եթե պարզվի, որ օրինակ՝ թշնամու հենակետը տեղակայված է հայկական տարածքում են, մենք կարողանալո՞ւ ենք նրանց հետ ուղարկել, երաշխիք կա՞ , որ իրենք կարողանալու ենք հետ մղել իրենց նախկին դիրքերին։ Մեզ այս պահին հետաքրքրում է՝ ի՞նչ սկզբունքով է ընթանում դիքերի տեղակայումը, ի՞նչ քարտեզներ են կիրառում եւ ո՞ր թվականի, ովքե՞ր են դրանց պատասխանատուները, ո՞վ է հրաման տվել, թե հենց այս քարտեզի հիման վրա կատարեք դիրքերի տեղակայումը»։
Այս նախաձեռնող խումբը այս հարցերի պատասխանները ստանալու եւ իրենց առաջարկները ներկայացնող նամակներն ուղարկել են առանձին պատգամավորների, ԱԳՆ-ին, ՊՆ-ին եւ կառավարությանը, ԱԽ-ին։
Այսօր էլ նամակ փոխանցեցին պաշտպանության նախարարին․ «Այս հարցի հասցեատերը կառավարությունն է, քանի որ կա ներքին որոշում, ոչ թե այստեղ տեխնիկական հարց է։ Մենք փորձում ենք խնդրի հրատապությունն ու լրջությունը հասցնել կառավարությանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































