Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի գործով

Դեկտեմբեր 24,2020 13:00

Օրեր առաջ դատարանը որոշել է բավարարել ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Ա. Զալյանի եւ Ա. Չատինյանի բողոքը: Որոշմամբ դատարանը պարտավորեցրել է նաեւ վարույթն իրականացնող մարմնին վերացնել ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի իրավունքների խախտումները: Շուրջ 1 տարի ուսումնասիրելով բողոքն ու վերջինիս առնչվող նյութերը, լսելով կողմերին՝ դատարանը գտել է, որ այն հիմնավոր է ու ենթակա է բավարարման:

Վերահսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, քննիչը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել՝ վատ վերաբերմունքի եւ անազատության մեջ պահվելու իրավունքի խախտման փաստը ճանաչելու ուղղությամբ:

2019 թվականի հոկտեմբերի 14-ին 2005 թվականից ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմինն ընդունել էր որոշում՝ ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

«Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանը եւ Անի Չատինյանը, ովքեր իրականացնում են Ա.Քոչարյանի պաշտպանությունը, որոշման դեմ բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՔԱՎ կայքից, Գլխավոր դատախազության` Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության պետի որոշմամբ այն մերժվել էր:

Փաստաբանները դիմում-բողոք են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումն ընդունվել է քրեադատավարական նորմերի խախտմամբ, հանգեցրել Ա. Քոչարյանի իրավունքների եւ ազատությունների խախտման եւ ենթակա է վերացման»:

Ըստ իրավապաշտպան ՀՔԱՎ-ի. «Բողոքում, մասնավորապես, ներկայացվել են Ա. Քոչարյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու, ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտումները հավաստող փաստարկներ»:

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները մատնանշել են նաեւ վատ վերաբերմունքի գործերով քննությանն անհրաժեշտ դատավարական պայմանները չպահպանելու փաստը։

Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ, վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, այնպիսի գործողություններ, որոնք միտված կլինեին հանցագործության ու մեղավորների բացահայտմանն ու պատժելուն. «Իր տրամադրության տակ ունենալով քրեական գործով տուժողների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ցուցմունքներ՝ քննիչը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել՝ վատ վերաբերմունքի եւ անազատության մեջ պահվելու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, արդյունավետ քննություն անցկացնելու եւ միջադեպի ողջ մանրամասները պարզելու ուղղությամբ»:

Անդրադառնալով գործով վկաների ցուցմունքներին՝ բողոքաբեր կողմը հայտնել էր. «Գործի նյութերի ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող մարմինը նրանց չի հարցաքննել: Պարզապես կազմվել են միմյանց կրկնող արձանագրություններ՝ նույն տպագիր բլանկի վրա:
Դրանց նույնաոճ, անփույթ, նույն բառերով ու նախադասություններով շարադրանքը վկայում է ձեւական բնույթի քննության իրականացման մասին»:
Այս գործով, քննիչը մերժել էր ամբաստանյալներից մեկին հարցաքննելու փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները:

Բողոքաբեր կողմը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրավական գնահատական չի տրվել նաեւ Ա. Քոչարյանի եւ մյուսների գործով անցնող բոլոր դատավորների եւ մեղադրանքը պաշտպանող դատախազների անգործությանը, ովքեր, դատարանում տեղեկանալով բռնության, ծեծի եւ ստիպողաբար ցուցմունքներ կորզելու մասին հայտարարություններին, համարժեք քայլեր չեն ձեռնարկել: Ներկայացված եւ բազմաթիվ այլ քննչական ու դատավարական գործողություններ էական դերակատարում կարող էին ունենալ թե գործի ելքի, թե խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի բացահայտման գործում:

Դատարանը բավարարելով բողոքը, արձանագրել է, որ յուրաքանչյուրն ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Դատարանն ուշադրություն է դարձրել վարույթը կարճելու մասին որոշման պատճառաբանությանը, համաձայն որի՝ «չեն հիմնավորվել ՌՈ աշխատակից քննիչների կողմից Ա. Մեսրոպյանի սպանության քրեական գործով խոստովանական ցուցմունք տալու համար Արթուր Քոչարյանին, Ավետիք Թումանյանին եւ Սուրիկ Չոբանյանին բռնության, ծեծի ենթարկելու հանգամանքները, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:
Դատարանը կարեւորել էր. «քննություն վարելու՝ պետության պոզիտիվ պարտավորությունը ենթադրում է, որ այն պետք է անցկացվի արագ եւ մանրամասն: Իրավասու մարմինները պետք է գործադրեն լրջագույն ջանքեր՝ բացահայտելու կատարվածը եւ չկայացնեն չպատճառաբանված, թույլ հիմնավորումներով շտապողական որոշումներ: Նրանք պարտավոր են ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու միջադեպի հետ կապված բոլոր ապացույցները, այդ թվում՝ բժշկական, ականատեսների հարցաքննություն եւ այլն»:

Դատարանն անդրադարձել է դատահոգեբանական փորձաքննություն չնշանակելու մասին փաստաբանների բողոքում նշված խախտմանն էլ, փաստելով, որ այդ ինքնին վկայում է, որ տարվել է թերի քննություն:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031