Վանուհի Հարությունյանի 7 հոգանոց ընտանիքը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44 օրյա պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տարիների ընթացքում կուտակած ամբողջ կարողությունը։
Այժմ Դիլիջանի հյուրանոցներին մեկում անորոշ ժամանակով ապաստանած ընտանիքը չի պատկերացնում, թե որտեղ և ինչպես է շարունակելու ապրել։

Պատերազմի ամբողջ ընթացքում երեք անչափահաս երեխա ունեցող Վանուհու ամուսինը եղել է պատերազմի առաջնագծում։
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչ է ամուսինը պատմում պատերազմի մասին, Վանուհին պատասխանում է. «Հիմնականում լռում է»։
Նրա խոսքով՝ պատերազմի դաժանությունը հիմնականում ամուսնու աչքերում է տեսնում։ Ականի պայթյունից ամուսինը կոնտուզիա է ստացել և մի քանի օր համարյա ոչինչ չի լսել։
Վանուհին նշում է՝ պատերազմից հետո էլ ոչ ոք չի կարող առաջվանը լինել.
«Պատերազմը բոլորին է փոխել։ Ամուսինս էլ շատ բաներ է տեսել, զոհերը և ամեն րոպե մահն աչքի առաջ ունենալը փոխել են նրան»։

«Մեզ ոչ մի բան չեն ասել, թե տուն պիտի տան կամ նման մի բան, բայց դե երկիրը հիմա այնպիսի վիճակում է, որ շատերն են այդ վիճակում ու մենք հասկանում ենք դա։ Բայց այնպես էլ չէ, որ պարտադիր ուզում ենք Արցախ վերադառնալ, որովհետև երեխաներն արդեն վախենում են այնտեղ ապրելուց և մենք էլ արդեն կորցրել ենք մեր տունն ու ծննդավայրը, դրա համար եթե հնարավոր լինի անգամ Հայաստանում մեզ բնակարան տրամադրեն, մենք կմնանք այստեղ»,- նշում է Վանուհին։
Վանուհու ամուսնու հայրը՝ Սաշա Առուստամյանը, որը ծնվել և իր ամբողջ կյանքը ապրել է Շուշիում, մեծ դժվարությամբ է խոսում կորցրած հայրենիքի մասին.
«Չնայած տարիքիս հետ կապված չթողեցին մասնակցել պատերազմին, բայց մինչև հոկտեմբերի 29-ը մնացել ենք Շուշիի ապաստարանում։ Մենք սնունդ էինք հասցնում, վիրավորներին էինք օգնում։ Բայց երբ արդեն թշնամին մոտեցել էր Շուշիին և արդեն տարհանում էին բոլորին՝ մեզ էլ թույլ չտվեցին այլևս մնալ ապաստարանում։ Ես միշտ իմացել եմ, որ նոր պատերազմը չի լինելու ավտոմատի պատերազմ ու պատկերացնում էի, որ այն դաժան և մեծ կորուստներով է լինելու»։

Այս խոսքերի ժամանակ պատերազմի մասնակից Առուստամյանի տղան, միջամտեց. «Ես երբեք չեմ լքելու այս հողը, ինչ էլ որ պատահի չեմ լքելու»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ



















































