Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ը վարչապետից պահանջում է հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով․ հայտարարություն

Հունվար 09,2021 12:17

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը և Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելով, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ահաբեկմամբ միակողմանի նոր զիջումներ է կորզել Հայաստանի ներկա իշխանությունից՝ վտանգելով մեր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է՝ Հայաստանի համար նվաստացուցիչ պարտությամբ ավարտված պատերազմի 44 օրերի և հետպատերազմական ժամանակահատվածում ծագած բոլոր խնդիրները ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության անկարողությունը ճգնաժամային իրավիճակում պետությունը ղեկավարելու: Ալիևը հայ ռազմագերիներին դարձել է քաղաքական պատանդ և նրանց կոչելով ահաբեկիչներ՝ փորձում է զրկել ռազմագերու կարգավիճակից և լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա: Այս պայմաններում հունվարի 11-ին նախատեսված մոսկովյան այցի շրջանակներում Ալիև-Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հեռանկարը անորոշ օրակարգով մեծ մտահոգություններ է առաջացնում:

Առկա վտանգավոր իրողությունների և դրանց վերաբերող հանրային, քաղաքական անհրաժեշտ խոսույթի բացակայության պայմաններում՝ Փաշինյանի բացատրությունները էլ ավելի են խորացնում այդ մտահոգությունները, որովհետև այս պայմաններում խոսել տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նշանակում է դառնալ ադրբեջանաթուրքական նոր դավերի զոհ՝ կազմաքանդելով հայոց պետականությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը վարչապետից պահանջում է հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով: Հայաստանը պետք է վճռականորեն պահանջի Ալիևից անվերապահ վերադարձնել մեր ռազմագերիներին և պատանդներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության 8-րդ կետի համապատասխան:

Ոչ մի նոր պայմանավորվածություն չի կարող քննարկվել, առավել ևս ստորագրվել, քանի Ադրբեջանի կողմից չեն կատարվել նախորդները: Հայաստանը պետք է դուրս գա միակողմանի զիջումների կործանարար շղթայից, օտար ազդեցություններից, Արցախի հարցը պետք է վերադառնա Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափ: Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով, հանրությունն այլևս չի կարող խաբված լինել, ամեն ինչ պետք է լինի բաց և հրապարակային՝ ՀՀ Սահմանադրության, օրենքների պահպանմամբ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երաշխավորել այս ամենը, պետք է հեռանա օր առաջ:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031