Այս օրերին Շուռնուխի, Որոտանի հողերի պատկանելիության մասին ինչ մեկնաբանություններ ասես, որ չտարածվեցին սոցցանցերում, մամուլում: Գյուղապետերը 70-ական թվականների քարտեզ են մատնացույց անում ու ասում, որ Շուռնուխը, Որոտանը Հայաստանի տարածքն է, որոշներն էլ, 74 թվի քարտեզով նայում են, ասում են՝ չէ, այս քարտեզով ադրբեջանական տարածք է ու GPS-ով գծում:


1989-1990 թվականներին Շուռնուխ գյուղը և Գորիս-Կապան մայրուղին պաշտպանող «Մերգելյան» ջոկատը (հրամանատար՝ Արմեն Հարությունյան)
Հարցին՝ դուք Շուռնուխի պաշտպանական ջոկատում էիք, իսկ ներկայումս գիտենք ինչ իրավիճակ է Շուռնուխում՝ շուրջ 40 բնակիչ ստիպված է եղել լքել իր բնակավայրը, 12 տուն արդեն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ի՞նչ զգացողություններ ունեք ու առհասարակ ի՞նչ տեսակետ ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նա պատասխանեց. «Շուռնուխը մեկ գյուղի խնդիր չի, 10-12 տան խնդիր չի, դա ամբողջ Սյունիքի ճակատագրի հետ է առնչվում: Շուռնուխը հայ-ադրբեջանական սահմանային հարաբերությունների ինդիկատոր է իր մեջ պարունակում: Ցավում եմ, բայց տեսնում եմ, որ հիմա այդ զգացողությունը չկա:
Շուռնուխը ադրբեջանաբնակ գյուղ էր, որը գտնվում էր ուղիղ Կապանի եւ Գորիսի մեջտեղում, ադմինիստրատիվ կարգով ենթարկվում էր Գորիսին, Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղն է: Կոմունիկացիոն առումով ընդհանրապես Ադրբեջանի հետ որեւէ առնչություն չի ունեցել: Շուռնուխցիները՝ Շուռնուխի ադրբեջանցիները ապրում էին՝ որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, այն ժամանակից, երբ Շուռնուխը հիմնադրվել է: Այն, որ Շուռնուխը հիմնադրվել ու ադրբեջանցիներով է լցվել, դա պարզ երեւում է հիմնադրողների ստրատեգիական մտածողությունից՝ Զանգեզուրը կապող միակ ճանապարհի ամենակարեւոր տեղը կառուցել այսպես ասած պլացդարմ: Բայց սումգայիթյան 88 թվի ջարդերից հետո Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերից ու հայերին արտաքսելուց հետո բնականաբար նույն ռեակցիան առաջացավ նաեւ Հայաստանում եւ արդեն 88-ի նոյեմբերից Հայաստանը նույնպես դատարկվեց ադրբեջանցիներից: Այդ ժամանակ Հայաստանից դատարկված տարբեր ադրբեջանական գյուղեր կային Սիսիանում, Վարդենիսում, Սպիտակում, Կիրովականում, այդ թվում նաեւ Շուռնուխ գյուղը: Ադրբեջանից շուրջ 400 հազար փախստական հայեր էին եկել Հայաստան եւ նրանց պետք էր վերաբնակեցնել:
Կարդացեք նաև
ՀՀ Կենտրոնական կոմիտեն Մերգելյան ինստիտուտին հատկացրել էր 2 գյուղ Սպիտակի եւ Կիրովականի ադրբեջանաբնակ տարածքում: Կար որոշում, որով փախստականներին պետք էր վերաբնակեցնել եւ հիմնարկ ձեռնարկություններին պարտավորեցնում էին, որ ֆինանսավորեին, զբաղվեին նրանց կենցաղի հարցերով եւ այլն: Մերգելյանն այդ ամբողջ շարժման առաջամարտիկն էր, ես էլ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էի ու երբ որ վերցրեցինք քարտեզը դատարկված գյուղերի, տեսնեինք ինչ պետք է անեինք, Շուռնուխ գյուղը դատարկ էր, ոչ մեկին հատկացված չէր, ոչ մեկը չէր բնակվում: Իսկ Շուռնուխ գյուղից, երբ որ ոլորաններով բարձրանում ես վերեւ, ադրբեջանական գյուղ էր՝ Վերին Ջիբութլուն, Շուռնուխից ներքեւ Սեյթազ գյուղն էր եւ միակ հայկական գյուղն այդտեղ Շուռնուխ չհասած՝ աջի վրա մի քիչ խորքում Բարձրավան գյուղն էր: Հետեւաբար, այդ ամբողջ ճանապարհը՝ սկսած Որոտանից, այդ Թասի ոլորաններով, մինչեւ Դավիթ Բեկ լրիվ անտերության մատնված էին: Ադրբեջանական կողմից երկրորդային ճանապարհներ կային դեպի մուտք:
Քանի որ մինչ այդ արդեն մի քանի մեքենաներ էին խփել, ուղեւորներին էին գողացել մեքենաներով, տարել էին Ադրբեջան, մենք որոշում կայացրեցինք եւ Շուռնուխ գյուղը 88-ի դեկտեմբերին վերցրեցինք Մերգելյանի հովանավորության տակ: Շարժման ակտիվիստներով որոշում կայացրեցինք բնակեցնել այն մերգելյանցիներով, ԱԿԽ-ի որոշում կայացրեցինք, որ գործուղում ենք այդ գյուղը վերականգնելու, փախստականների համար տները նորոգելու եւ այլն: Անունը դրեցինք շինարարական ջոկատներ, կազմավորեցին կամավորներ, 6 հոգի համաձայնվեցին իրենց ընտանիքներով տեղափոխվել այնտեղ: Մենք ապահովում էինք գործուղման ծախսերը, որ այնտեղ մասնաճյուղ բացեինք, մարդկանց շահագրգռեինք՝ գային այնտեղ աշխատեին, տարբեր բաներ հավաքելու արտադրամասեր ստեղծվեին եւ այլն…
Այս պատմությունը ոչ ոք չգիտի, Շուռնուխի առաջին վերաբնակիչերը եղել են մերգելյանցիները, մի քանի հոգին շատ հայտի են Հայաստանում, անուններ էլ կարող եմ տալ՝ Հարությունյան Վահան, Մարգարյան Արծրուն, Մխիթարյան Սերգեյը, Վաչագանը թալինցի, Պետրոսյան Աշոտը՝ իրենց ընտանիքներով եւ այլն: Հետո Արծրունը տարավ իր եղբորը՝ Արսենին, որին ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով մահացավ հենց իր տան բակում:
Դա բնական բան էր: Այնպես, ինչպես Շահումյանի շրջանում հայեր չեն ապրում, հայկական գյուղերը լրիվ ադրբեջանական են, այդ խնդրի լուծումը լրիվ այլ հարթությունում է: Երբ որ իջեցնում են՝ «սա մերն է», «մերը չի» մակարդակ՝ դառնում է լրիվ այլ պատմություն եւ այստեղ առաջին պլան է գալիս Նիկոլ Փաշինյանի չհրապարակված պարտավորվածությունները Ալիեւի դեմ եւ Պուտինի թելադրանքը: Ու մենք մտնում ենք այդ խաղի մեջ ու սկսում ենք՝ Շուռնուխի 10 տո՞ւն էր հայկական, թե՞ ավելի, գերեզմանները ադրբեջանակա՞ն էին, թե՞ չէ»:

Ալբերտ Բաղդասարյանը պատմեց, որ 90 թ. ապրիլի 6-ին ռուսական զորքը Ադրբեջանի կողմից մտել է Շուռնուխ՝ ուղղաթիռներով, БМП-ներով ու առավոտյան գերեվարել իրենց ջոկատին՝ 22 հոգու. «Երկու աղջիկ էին եւ ջոկատի 20 անդամներին գերեվարեցին ու զենքերն էլ հետը տարան Կուբաթլու: Այդ դեպքը հայտնի է նրանով, որ մենք որոշեցինք, գրավեցինք Հայաստանի Գերագույն խորհուրդը, Ոսկանյանն այդ օրն այնտեղ չէր ու ուլտիմատում ներկայացրեցինք, ասացինք՝ եթե մինչեւ երեկոյան 8-ը մեր աշխատակիցներին հետ չտան, մենք կգրավենք Կենտկոմը եւ Հայաստանում կհայտարարենք իշխանափոխություն: Քանի որ ամեն ինչ շատ լուրջ էր, իսկ Սովետում անիշխանական պրոցես էր, ստիպված ոնց տարել էին 22 հոգու, 1 հոգու էին ապտակել, այդպիսի բան պատմության մեջ չի եղել, բոլորին նույն ձեւ հետ տվեցին: Ավելին ասեմ՝ տարել էին 8 միավոր զենք, վերադարձրեցին 9 միավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































