Made in Kurtan պիտակով բաճկոնների մասին լուրը մի քանի ժամվա ընթացքում լայն տարածում գտավ ֆեյսբուքում ու անչափ դրական ընդունվեց սոցտարածքում: Ֆեյսբուքյան օգտատերերից շատերին հետաքրքրում էր, թե որտեղից կարելի է ձեռք բերել Լուռու մարզի գողտրիկ Կուրթան համայնքում արտադրված հայկական բաճկոնը:
Խոսքը «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի (Little Star Charitable Fund) հերթական ծրագրերից մեկի մասին է, որը հնարավոր եղավ իրագործել Մենսենքինդերեն հիմնադրամի շնորհիվ: Made in Kurtan-ը կուրթանցի կանանց ապահովել է աշխատանքով, իսկ յուրաքանչյուր պատվերը հնարավորություն է տալու էլ ավելի մեծացնել արտադրամասը եւ աշխատողների թիվը:

Ներուժը կա՝ առանց թունաքիմիկատների, առանց ավելորդ պարարտանյութերի մշակել այնպիսի բաներ, ինչի պահանջարկն առկա է մեր շուկայում, ինչպես, օրինակ, հատիկաընդեղենը, բանջարեղենը: Երկրորդ տարին է Կուրթանում ենք: Անցյալ տարի արեւային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք բնակիչների տների տանիքներին, հիմա էլ մտածում ենք զարգացման ծրագրեր իրականացնել: Առաջինն էլ այս կարի արտադրությունն է»,-ասաց Մարիամ Անտոնյանը:
Նա հիշեցրեց, որ Կուրթանում ժամանակին գործել է կարի ֆաբրիկա, եւ ընդհանրապես Լոռու մարզու ամեն գյուղում խորհրդային տարիներին գործել է փոքր արտադրություն, սակայն որեւէ մեկը զրոյից ոչինչ չի կարել, յուրաքանչյուրն ինչ-որ արտադրանքի մի մասն է կարել:
«Թվում էր, թե համայնքում կարող բանվորներ պետք է լինեին, սակայն նրանք ամբողջությամբ չէին տիրապետում գործին: Արդեն մի քանի ամիս է՝ վերապատրաստում ենք մարդկանց, փորձում ենք գտնել համապատասխան մասնագետների, որոնք կվերապատրաստեն կարողներին: Ի դեպ, շուկան ուսումնասիրելով պարզեցինք, որ հայկական բաճկոնների խնդիրը կա: Դրա համար էլ որոշեցինք բաճկոններ կարել: Անկեղծ ասած, չէի սպասում, որ նման ոգեւորության կարժանանա ծրագիրը: Հիմա էլ մտածում ենք գյուղի տատիկներին ընդգրկել, որոնք բաճկոնների հետ մեկտեղ ձեռագործ շարֆ ու գլխարկ կստեղծեն: Այնպես որ, տատիկներին եւս աշխատանքով կապահովենք, նրանք կստանան իրենց ֆիքսված աշխատավարձը: Մենք գերխնդիր ունենք արտադրությունը մեծացնելու, ավելի շատ աշխատողներ ընդգրկելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Ուզում ենք Made in Kurtan անունը լայն տարածում գտնի, որ ինչքան շատ եկամուտ ունենա, այնքան աշխատողների թիվը ավելանա, կարի մեքենաներ գնենք: Շատ մեծ նպատակ ունենք նաեւ հումք արտադրել, ինչը մի քիչ դժվար գործ է, քանի որ թանկ են հաստոցները, բայց աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ»:
Ոգեւորված հավելում է, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող մարդիկ՝ տեսնելով «Արտադրված է Կուրթանում»-ը, կոգեւորվեն, կցանկանան գնել այն: Մարիամ Անտոնյանը հավելում է, որ ինքն էլ չէր սպասում, թե նման բուռն դրական արձագանք կլինի:
Ինչ վերաբերվում է գնին, հավաստիացնում է, որ այն մատչելի է լինելու. «Գինը որոշում ենք այսպես՝ հումքի գումար, աշխատողի աշխատավարձ, որոշակի կոմունալ ծախսեր եւ քիչ տոկոս եկամուտ, որը ապահովելու արտադրության հետագա զարգացումը: Երեխաների համար կարված բաճկոնը լինելու է 10000 դրամ, մեծահասակներինը՝ 12000-13000: Մնում է փորձենք հասկանալ, թե ինչպես է իրականացվելու Կուրթանից Երեւան եւ այլ հասցեներով առաքումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի եւ Մարիամ Անտոնյանի ֆեյսբուքյան էջերից:


















































