Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պետական հանրակրթական համակարգին մահացու վտանգ է սպառնում․ «Մեկ ձայն»

Հունվար 16,2021 12:19

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարում է, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։

Ըստ ՀՀ վարչապետի՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի՝ Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Այս որոշումը կունենա կործանիչ հետևանքներ հանրակրթական ծրագիր իրականացնող ոչ պետական դպրոցների համար։

Հակիրճ թվարկենք օրենսդրական նման փոփոխության որոշ հետևանքները։

1. ՀՀ-ում ոչ պետական դպրոցները մրցում են պետական կրթական ԱՆՎՃԱՐ համակարգի հետ։ Այս պահին մասնավոր դպրոցների սահմանած ուսման վարձերը պայմանավորված են պահանջարկի և առաջարկի հավասարակշռությամբ․ դրանց բարձրացումը կբերի պահանջարկի կտրուկ նվազեցման, արդյունքում՝ դպրոցների տնտեսական գործունեության կտրուկ կրճատման: Դպրոցների ծախսերի առյուծի բաժինը ուսուցիչների աշխատավարձն է․ այդ ծախսը նվազեցնելու միակ ճանապարհը աշխատատեղերի կրճատումն է, ինչի արդյունքում բազմաթիվ ուսուցիչներ կմնան առանց աշխատանքի։

Սակայն չունենալով բավական եկամուտ և չդիմանալով ֆինանսական բեռին՝ դպրոցների մեծամասնությունը ուղղակի կփակվի։ Այսօրվա սակագները պահպանել դպրոցները չեն կարողանա․ նրանց շահույթը տարեկան կտրվածքով լավագույն դեպքում կազմում է եկամտի մի քանի տոկոս, իսկ որոշ դպրոցներ աշխատում են առանց շահույթի կամ վնասով։ Աշակերտների թվի նվազեցումը էլ ավելի կբարդացնի դպրոցների տնտեսական վիճակը։ Դպրոցների կողմից վճարվող հարկերը զգալիորեն կնվազեն, որի արդյունքում պետությունը կզրկվի տարեկան առնվազն մեկ միլիարդ դրամ կազմող եկամտահարկերից։

2. Մինչ այսօր ոչ պետական դպրոցները պետությունից չեն ստանում յուրաքանչյուր աշակերտի համար օրենքով սահմանված ուսման գումարը, որը հատկացվում է պետական դպրոցներին։ Փաստացի ամեն տարի պետությունը այդ մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ։ Փակված ոչ պետական դպրոցների աշակերտները կմտնեն պետական կրթական համակարգ, ինչը փաստացի կնշանակի բյուջեի ծախսերի աճ, ընդ որում՝ շատ ավելի մեծ, քան բյուջեն կստանա այն մի քանի դպրոցներից հավաքագրած ԱԱՀ-ից, որոնք ի վիճակի կլինեն շարունակելու իրենց գործունեությունը։

3. Դպրոցների համար անհնարին կդառնա իրականացնել սոցիալական ծրագրեր՝ սահմանելով տարբեր սակագներ սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների համար։ Եթե եկամուտը հարկվում է ԱԱՀ-ով, հարկային մարմինները կպահանջեն հստակ սակագին և որպես այդպիսին կդիտարկեն ուսման վարձի ամենաբարձր արժեքը՝ ավելի ցածր արժեքը դիտելով որպես զեղչի հատկացում, ու պահանջելով վճարել ԱԱՀ-ն և շահութահարկը ամբողջական գումարից։ Փաստորեն դա կբերի ոչ պետական կրթության «էլիտարացմանը»․ այն այսուհետ հասանելի կլինի միայն ապահով խավին։ Այն դպրոցները, որոնց հիմնական նպատակը սոցիալական էր՝ անապահով ընտանիքների երեխաներին լավագույն կրթական հնարավորություններ ընձեռելը, ստիպված կլինեն դադարեցնելու իրենց գործունեությունը։ Իսկ մյուսները հարկադրված դուրս կթողնեն բազմաթիվ աշակերտների, որոնք, ընտանիքի ֆինանսական վիճակի նկատառումներից ելնելով, զեղչեր են ստանում։

4. Բազմաթիվ քաղաքացիների համար ոչ պետական կրթության այլընտրանքի անհասանելիությունը կդառնա ևս մեկ հիմնարար դրդապատճառ արտագաղթի համար՝ այլ երկրում իրենց երեխաներին իրենց չափանիշներով որակյալ կրթություն ապահովելու նպատակով։

5. Ծնողները ընտրել են ոչ պետական դպրոցները՝ ելնելով իրենց համար կարևորագույն խնդրին՝ երեխաների կրթությանը լավագույն լուծում տալու կարիքից։ Ոչ պետական դպրոցների աշխատանքի դադարեցումը կարող է բերել այդ մարդկանց համատարած սուր դժգոհությանը և սոցիալական լուրջ լարվածությանը։
Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ կախված դպրոցի ուսման վարձերի քաղաքականությունից՝ ծախսային բեռի ավելացումը կկազմի առնվազն 20%, իսկ իրականում՝ զգալիորեն ավելի։ Նման պայմաններում ոչ պետական դպրոցների մեծամասնությունը չի գոյատևի։ Առանց այդ էլ մասնավոր դպրոցները COVID-ի հետ կապված իրավիճակի հետևանքով կանգնեցին մեծ խնդիրների առջև՝ պետությունից չստանալով որևէ աջակցություն։

Այս որոշումը փաստացի կոչնչացնի տարիների փորձ ունեցող, առաջադեմ, փորձառու բազում ուսուցիչներին մասնագիտության մեջ պահած, կրթության զարգացման կարևոր գրավական հանդիսացող ոչ պետական դպրոցների ճնշող մեծամասնությունը։ Վերանալու է կայացած ոլորտ, որը ՀՀ կրթական համակարգի անբաժանելի, կարևորագույն մասն է։ ՀՀ կրթությանը կհասցվի մեծագույն վնաս, տնտեսությունը կտուժի, կաճի պետության ֆինանսական բեռը, ոչ պետական դպրոցների հազարավոր աշխատակիցներ կդառնան գործազուրկ` սրելով առկա ճգնաժամի սոցիալական հետևանքները։ Կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու քայլը, եթե այն կիրառվի ոչ պետական դպրոցների նկատմամբ, ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանմանը։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությանը կոչ ենք անում ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում։ Պատրաստ ենք համագործակցելու պետական համապատասխան մարմինների հետ՝ ներգրավվելով աշխատանքային խմբերում։

«ՄԵԿ ՁԱՅՆ» ԱՆԿԱԽ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031