Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գյումրեցիները, շիրակցիները բոմժեր էին, ապա ինքն ի՞նչ գործ ուներ Գյումրիում, ի՞նչ էր ուզում այդ բոմժերից»․ կազմակերպիչը՝ Վազգեն Մանուկյանին

Հունվար 16,2021 14:35

Ինչպես հայտնի է, երեկ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում միջադեպ էր տեղի ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների ու նրանց մուտքը դեպի Գյումրի արգելած քաղաքացիների միջև։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում էր, որ քաղաքացիները վանկարկում էին «Դաշնակցականներ, դավաճաններ», «Վազգեն, դավաճան», «Նիկոլ, վարչապետ»։ Նրանք պահանջում էին, որ Իշխան Սաղաթելյանը դուրս գա մեքենայից։

Վազգեն Մանուկյանը, Գյումրու «Արագած» մարզամշակութային դահլիճում մեկնաբանելով միջադեպն, ասել էր․ «Ճանապարհները փակ էին, մեր մեքենաներն այնտեղ էին, բայց ես անցա։ «Իմ քայլ»-ը իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանված»։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի խոսքերը բուռն քննարկման թեմա դարձան, արձագանքեցին նաև Գյումրիից ընտրված պատգամավորներն՝ ամոթանք տալով Վազգեն Մանուկյանին։ Նրա կողմից վիրավորական ձևակերպումների օգտագործումը դատապարտեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Ինչևէ, Aravot.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Ազատանի հատվածում «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների ճանապարհը փակելու նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ո՞րն էր նպատակը, ի՞նչ ասելիք ունեին Վազգեն Մանուկյանին ու ինչո՞ւ չէին թողնում ընդդիմադիրներին մտնել Գյումրի։

«Նախ ասեմ, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազատանի հատածում՝ Գյումրի մտնող ճանապարհի վրա, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ակցիան էր, որի նպատակը մեկն էր՝ պարզապես թույլ չտալ Վազգեն Մանուկյանին և իր շարասյանը մտնել Գյումրի։ Ասեմ, որ երեկ Վազգեն Մանուկյանի շարադրած միտքը, թե ճանապարհին կանգնած էին բոմժեր, վարձատրվել էին ՔՊ-ի կողմից, բնականաբար, բոլորը հասկանում են, որ դա այդպես չէ։ Երկրորդը՝ եթե գյումրեցիները, շիրակցիները բոմժեր էին, ապա ինքն ի՞նչ գործ ուներ Գյումրիում, ի՞նչ էր ուզում այդ բոմժերից, ինչո՞ւ էր եկել Գյումրի, ես սա եմ ուզում հասկանալ։

Եվ երրորդը՝ տեսանյութեր կան, որոնք իմ նախաձեռնությամբ միտումնավոր դուրս չեն գալիս համացանց, որովհետև չեմ ուզի այս պահին որևիցե մեկը տեսնի: Դուք միայն պիտի տեսնեիք, ինչ դեմք էին ընդունել, իհարկե, բոլորի մասին չեմ ուզի խոսել։ Եվ թող գնան շնորհակալ լինեն շիրակցիներին, գյումրեցիներին, ոստիկաններին և ինձ, որ կանխեցի։
Կարմիր գիծն անցան հենց իրենք, և ես չթողեցի, որ մեքենաները շուռ տան, անմիջապես հայտարարեցի, որ ճանապարհները բացում ենք, իրենք իրենցն արդեն ստացել են։ Նույնիսկ երկխոսության դուրս չեկան, երբ որ ես էի կանգնած իրենց դեմ»,-պատմեց Արտյոմ Թումանյանը։

Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ էիք պահանջում «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից, Արտյոմ Թումանյանն ասաց․

«Մեր պահանջը մեկն էր, նրանք Գյումրի չպիտի մտնեն, իսկ ինչո՞ւ չպիտի մտնեն, որովհետև ամբողջ աշխարհը տեսավ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց եռօրյա սուգ, այդ սուգի ընթացքում նրանք հանրահավաք էին անում ու նույնիսկ երգում էին բեմի վրա։ Ես կարծում եմ, որ չկա մի քրիստոնյա մարդ, առավել ևս Հայաստանի քաղաքացի, որը սա կընդունի որպես բարոյական երևույթ։
Եվս մի բան ասեմ, որը շատ է շրջանառված վերջին ժամանակահատվածում տարբեր մարդկանց կողմից․ ինձ համար, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության անդամների համար չկան արտոնյալ քաղաքական գործիչներ, նույնիսկ վարչապետը մեզ համար արտոնյալ չէ։ Եթե պարզվի, որ այս ազգի մեջ մեկը դավաճան կգտնվի, նույնիսկ եթե դա կլինի վարչապետը, պատասախան են տալու։
Առաջինը ես կլինեմ դավաճանների արյունը խմողը, սա հայրենասիրություն է։ Շիրակը, Գյումրին բոմժերի հավաքածու չեն եղել երբևիցե, գյումրեցին ունի թասիբ, շիրակցին ունի նամուս, այնպես որ սա առաջին ու վերջին մեսիջն է, որ այսուհետ գյումրեցիների ու շիրակցիների հետ խոսելուց մտածեն, հետո խոսեն, իսկ այսօր իրենք կստանան այդ բոմժի պատասխանը»,- ասաց Արտյոմ Թումանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարն՝ Արտյոմ Թումանյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031