«Այդ հարցը պետք է տան հենց իշխանությունները»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին պաշտպանության նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց այն փաստմանը, որ մոսկովյան հանդիպման ժամանակ ՀՀ իշխանություններին չհաջողվեց լուծել գերիների վերադարձի հարցը:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ պատերազմի ժամանակ հաղթելու ենք կարգախոսով վարած քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք, այսօր էլ նրանք գործում են «լռում ենք» կարգախոսի ներքո: Նրա համոզմամբ՝ մեր իշխանությունները մեր ժողովրդին դա պիտի բացատրեն:

Կարդացեք նաև
Խոսելով սահմանազատման գործընթացների մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Դեմարկացիա պիտի լինի խաղաղության պայմաններում, հարևան պետության հետ այդ դեպքում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, և այդ ամենը իրականացվի խառը, համատեղ հանձնաժողովի միջոցով: Այստեղ երկու հանգամանք կա: Առաջինը՝ չկան այդ պայմանները, որ մենք հստակ նշենք և չկան այդ սահմանները, որոնք հստակ ընդգծված են: ԽՍՀՄ բազմաթիվ քարտեզներ են ներկայացնում և տարբեր դրություն է այնտեղ, և մենք պիտի հասկանանք այն, որ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, հետագայում դեմարկացիայի ժամանակ դժվար է լինելու նրանց պարտադրել, որ հետ քաշվեն սահմանի այս կամ այն հատվածում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































