Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Արցախի կործանումն արդարացնող առասպելները

Հունվար 29,2021 09:35

Պարտությունները երբեմն դրական հետևանքներ են ունենում։ Դրանք բացահայտում ու վարկաբեկում են հասարակությանը մոլորեցրած գաղափարներն ու դոգմաները։ Դրանք կազմաքանդում ու ասպարեզից հեռացնում են այն աղակալած ինստիտուտներն ու քաղաքական ուժերին, որոնք այդ առասպելների վաճառականներն են եղել։ Դրանք հասարակություններին պարզապես ստիպում են ուշքի գալ ու լրջանալ։

Ես որոշ աղոտ հույսեր ունեի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունը մեր հասարակության համար այդպիսի հետևանք կունենա, բայց աստիճանաբար այդ աղոտ հույսերն էլ մարում են։ Հին առասպելների փոխարեն, կամ ավելի ճիշտ` դրանց հիմքի վրա, մեծ թափով քաղաքական ասպարեզ են նետվել նոր առասպելներ։ Մասնավորապես` իշխանությունն ու նրա ղեկավարն այս աղետի համար սեփական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն օրական մի նոր բան են մոգոնում պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց ինչպես կտեսնենք, ակտիվ ընդդիմությունն էլ փորձում է ետ չմնալ։ Իսկ մեր հասարակությունն աստիճանաբար հարմարվում է այս նոր առասպելներով հագեցած հասարակական մթնոլորտին։ Ի՞նչ առասպելների մասին է խոսքը։

 

ԱՌԱՍՊԵԼ #1. ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՈՒ ԱՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԻՋԵՎ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԷԻՆՔ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ։

Սա հաստատապես պետք է համարել հայ քաղաքական մտքի մեծագույն հայտնագործությունն ու համաշխարհային քաղաքագիտական մտքի մեջ իսկական հեղափոխություն իրականացնելու հայտ։ Մինչ այս հայտնագործությունն աշխարհի բոլոր քաղաքագետները համոզված էին, որ երբ դու ինչ-որ բան ունես զիջելու, դրա փոխարեն կարող ես նաև ինչ-որ բան պահանջել ու ստանալ, բայց երբ դու ոչինչ չունես զիջելու, դրա դեմ կստանաս ոչինչ։ Նրանք նաև համոզված էին, որ քանի դեռ դու կարողություն ունես հակառակորդին ինչ-որ գին պարտադրելու, հակառակորդդ շահ ունի քեզ ինչ-որ բան զիջելու այդ գինը վճարելուց խուսափելու համար։ Երբ դու այլևս չունես այդ կարողությունն ու արդեն ինչ գին կարող էիր պարտադրել ես, դրանից հետո հակառակորդդ կրկին քեզ որևէ բան զիջելու պատճառ չունի։ Բայց քաղաքագիտության տիտան Նիկոլ Փաշինյանն ու նրա դպրոցի ներկայացուցիչները փաստորեն ցնցող հայտնագործություն են արել, ինչը պարզապես կարելի է արտահայտել հետևյալ պնդմամբ. ոչինչը հավասար է ինչ-որ բանի։ Այս տեմպերով նրանք հավերժական շարժիչ էլ կհայտնագործեն։ Եվ հարցը միայն այն չի, որ նրանց ուղեղում նման հակամիտք է գոյացել, այլ այն, որ նրանք դա կրկնում են ամենայն համոզվածությամբ, առանց դրա համար խայտառակ լինելու վախի։ Եվ ճիշտ են անում, որովհետև հայաստանյան վերլուծաբանները, լրագրողներն ու մտավորականներն ավելի կարևոր բաներով են զբաղված, քան մեր հավաքական ինտելեկտին հասցված այս վիրավորանքին պատասխանելն է։

Իրականում սա շատ ավելի սարսափելի է, քան պարզապես մեր ինտելեկտին հասցված վիրավորանքը։ Փաշինյանն ու փաշինյանիզմի հետևորդները կարծես չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում, որ եթե նույնիսկ իրենք համաձայնեին ճիշտ այն արդյունքին, ինչ ստացանք պատերազմի հետևանքով, միևնույնն է բանակցային տարբերակը նախընտրելի էր, որովհետև այսօր հազարավոր երիտասարդ տղաներ ողջ կլինեին, իսկ նրանց կրկնապատիկն էլ հաշմանդամ դարձած չէին լինի։ Ասել, որ տարբերություն չկա պատերազմի արդյունքի ու այն արդյունքի միջև, ինչ մենք ստանալու էինք բանակցային լուծման արդյունքում, հետևաբար, ոչ միայն կատարյալ ապուշություն է, այլև ստորություն։ Վերջապես, դա անամոթ սուտ է, ինչը շատ լավ գիտեն մարդիկ, որոնք այդ բանակցությունների մասին գոնե մինիմալ գիտելիքներ ունեն, ինչպես օրինակ` Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը։

 

ԱՌԱՍՊԵԼ #2. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ`ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ՓՈԽԶԻՋՄԱՆ։

Սա էժանագին շահարկում է։ Այստեղ նույնպես գործ ունենք փաշինյանական տրամաբանության հերթական դրսևորման հետ, ինչն այս դեպքում կարելի է ձևակերպել այսպես. եթե ինչ-որ բան ամեն ինչ չէ, ուրեմն դա ոչինչ է։ Բանակցություններում մեզ առաջարկվածը ոչինչ չէր։ Արցախի կարգավիճակը չէր նախասահմանվում։ Ինչ էլ տային, դա լինելու էր որոշակի անվտանգության ու ինքնուրույնության ֆունկցիաներ ունեցող կարգավիճակի տեսքով, որը գուցե անկախություն չլիներ, բայց հաստատ այս ողորմելի ռուսական պրոտեկտորատից ավելի նախընտրելի մի բան էր լինելու։ Այս կապակցությամբ, մի ուրիշ շահարկում էլ է անում քաղաքագիտության մերօրյա ռահվիրան. մեզնից պահանջում էին յոթ շրջան, հայտարարում է նա, առանց Արցախի կարգավիճակը ճշտելու։ Ոչ, յոթ շրջան չէին պահանջում, պահանջում էին հինգը, իսկ մյուս երկուսի վերադարձի հարցը փաստորեն Արցախի կարգավիճակի հետ փաթեթով էր լուծվելու։ Նա շատ լավ գիտի այս ամենն իհարկե, բայց դե կարող է ուզած բանն ասել, քանի որ շատ լավ գիտի, որ լրատվական դաշտը հագեցած էլ լինելու 5 միլիարդ դոլար կաշառքի թամաշայով ու որևէ լուրջ քննադատություն հանրային քննարկման առարկա չի դառնալու։

 

ԱՌԱՍՊԵԼ #3. ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՆԸ ՉԷՐ ՎԵՐՋԱՆԱԼՈՒ։ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԷՐ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ։ ՆՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԲՆԱՋՆՋԵԼՆ ԷՐ։ ՍԱ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՃԱԽ ԼՍՎՈՂ ՊՆԴՈՒՄՆԵՐՈՎ։

Սա, իհարկե, առասպել է, որ վաղուց գոյություն ունի ու միայն այսօրվա իշխանությունը չի, որ սա շատ սիրում է կրկնել։ Բայց իշխանական շրջանակների կողմից սա նույնպես քարոզվում է։ Ոչինչ իհարկե, որ բանակցային լուծումը երաշխավորվելու էր խաղաղապահ ուժերով ու ապառազմականացված գոտիով։ Ոչինչ, որ բանակցային լուծումը երաշխավորվելու էր երրորդ կողմերի տված երաշխիքներով ամրապնդված միջազգային պայմանագրով։ Այսինքն` սրանք բաներ էին, որոնք բացարձակապես անկարևոր էին դարձնելու ադրբեջանցիների երազանքներն ու մտադրությունները։

Երբ սրա մասին խոսում ես, այս առասպելի կողմնակիցներն անմիջապես արձագանքում են ներողամիտ ժպիտով ու դասախոսություն կարդում այն մասին, որ երրորդ ուժերի երաշխիքները գրոշի արժեք չունեն, որ նման բաների վրա միամիտ մարդիկ կարող են միայն հույս դնել, և այլն։ Նրանց, իհարկե, չի տպավորում այն փաստարկը, որ երրորդ կողմերը մեր սիրուն աչքերի համար չէին դա անելու, այլ այն պարզ պատճառով, որ որևէ երրորդ կողմի շահերից չէր բխում թույլ տալ Հայաստանի կամ նույնիսկ Արցախի ոչնչացումը։ Բայց ամենասարսափելին այն է, նման փաստարկներ մարդիկ բերում են պատերազմից հետո, այսինքն` երբ Արցախի ամբողջական հայաթափումն ակնհայտորեն կանգնեցվեց բացառապես երրորդ կողմի` Ռուսաստանի ջանքերով։ Դա անհերքելի ապացույց է այն բանի, որ երրորդ կողմը նաև կերաշխավորեր Արցախի, էլ չեմ ասում Հայաստանի, անվտանգությունը բանակցային լուծման պարագայում։ Հոգ չէ։ Այս առասպելի պաշպանների կամքը նման մանր մունր բաներից չի սասանվում։

 

ԱՌԱՍՊԵԼ #4. ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ։

Ի՞նչ գործարք։ Ձեզ ասել էին` դուրս եկեք հինգ շրջաններից և ընդունեք Լավրովի պլանը։ Ձեզ նույն բանն էր ասում ամբողջ աշխարհը։ Դուք բոլորին, այդ թվում ձեր դաշնակցին ուղարկեցիք գրողի ծոցը։ Դաշնակիցը որևէ խոստում չէր տվել, որ որևէ վարքագծի պարագայում ձեզ աջակցելու է և չաջակցեց։ Բայց ահավասիկ` քաղաքագիտական հերթական նորամուծությունը. Հայաստանում վերասահմանել են գործարք ու դավադրություն հասկացությունները։ Դու ինքդ քո դաշնակցին կամ ինչ-որ մի երկրի վերագրում ես շահեր և երբ պարզվում է, որ այդ երկիրը նման շահեր չունի, այդ երկրին մեղադրում ես դավադրության ու գործարքի մեջ։ Սկսում ես խոսել այլընտրանքային անվտանգության համակարգերի ու դաշնակիցների մասին, և այլն։

Մի պահ մտածեք նաև հետևյալի մասին։ Այս առասպելը համառորեն ծամծմվում է մի երկրում, որն իր ղեկավարների կատարյալ ապաշնորհության պատճառով այսօր համարյա ամեն հարցում կախված է Ռուսաստանի ողորմածությունից։

 

ԱՌԱՍՊԵԼ #5. ՄԵՆՔ ՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ ՍՏԱՑԵԼ

Սա նույնպես պետք է քաղաքագիտությանը հայերի մատուցած հերթական մեծ ծառայությունը համարել։ Մինչ վերջերս բոլոր քաղաքագետները համարում էին, որ բանակցային վարքագծի արդարացվածությունը կախված է բացառապես այն բանից, թե ինչ ունես քո զինանոցում։ Բայց եկավ Փաշինյանն ու բացահայտեց, որ բանակցային վարքագիծը պետք է հենված լինի ոչ թե ունեցածիդ վրա, այլ ինչ-որ բանի, որը դու չունես, բայց լավ կլիներ, եթե ունենայիր։ Հետևաբար` միակ իրական խոսակցության թեման այն պետք է լինի, թե ինչու դու այդ բանը չունեիր։

 

ԱՌԱՍՊԵԼ #6. ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉ-ՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ։

Ես չգիտեմ ինչ դավաճանություններ են եղել պատերազմի ընթացքում կամ արդյոք եղել են, թե ոչ։ Բայց մի պահ հարց տվեք ձեզ։ Եթե բոլորը կռվեին հերոսների պես ու պատրաստ լինեին նահատակության, ինչո՞վ էր տարբեր լինելու պատերազմի արդյունքը։ Որևէ շատ թե քիչ լուրջ ռազմական վերլուծություն կասկած չի թողել, որ սա գերանհավասար պատերազմ էր, որտեղ մենք Ադրբեջանի տեխնիկական, թվային ու տակտիկական գերակայությանը հակադրելու ոչինչ չունեինք։ Երբ դու պարզապես անզոր թիրախ ես հակառակորդի ԱԹՍ-ների ու հեռահար ճշգրիտ հրետանու համար, երբ դու ոչինչ չես կարող անել նույնիսկ նրանց տակտիկական հետախուզությունից թաքնվելու համար, պատերազմի արդյունքը կանխորոշված էր, անկախ նրանից՝ քո շարքերում դավաճաններ կլինեին, թե ոչ։ Ի վերջո, Գլխավոր Շտաբն էր ասել, որ պատերազմի արդյունքը կանխորոշված էր։ Ի՞նչ դավաճանների ու դավաճանությունների մասին եք խոսում։

 

ԱՌԱՍՊԵԼ #7. ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է։

Այս վերջինն, իհարկե, ընդդիմության կողմից համառորեն քաջալերվող առասպել է` ինչ-որ 5 միլիարդ դոլարի մասին ու այդ կարգի ուրիշ բամբասանքներով համեմված։ Ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իրական սխալները վեր հանելն ու դրանց մասին խոսելը բոլորովին դժվար չի։ Բայց ակտիվ ընդդիմությունն այդ սխալները թողած ժողովրդի գլուխը տանում է ինչ-որ կաշառքի մասին պատմություններով, Արարատ Միրզոյանի` թուրքական գործակալ լինելու մասին հիմար մեղադրանքներով, և այլն։ Պատճառն ակնհայտ է. այս մարդկանց ու Նիկոլ Փաշինյանի միջև ոչ մի իրական տարբերություն Արցախյան քաղաքականության հարցում չի եղել։ Սրանք նույնպիսի ոչմիթիզականներ են, ինչպես Փաշինյանը։ Եվ հենց դա է պատճառը, որ նրանք չեն ասում` անհրաժեշտ էր գնալ բանակցային լուծման, ինչը չարեց Փաշինյանը։ Նրանք նման բան պարզապես չեն կարող ասել առանց Հայաստանի բանական քաղաքացիներին ծիծաղեցնելու կամ առանց նրանցից ներողություն խնդրելու այդ նույն աղետաբեր դիրքորոշման կողմնակիցները լինելու համար։ Փոխարենը գտել են ձևը. ոչմիթիզական դիրքորոշումը ճիշտ էր և մեզ մեծամեծ հաջողություններ էր բերելու, եթե իշխանության ղեկին դավաճան Նիկոլի փոխարեն քաջարի վոին Ռոբերտ Քոչարյանը լիներ, կամ на худой конец, ազգային գաղափարախոսական Վազգեն Մանուկյանը։

 

Մի խոսքով` սկզբունքորեն ոչինչ չի փոխվել Հայաստանում։ Հին առասպելներից հրաժարվելու փոխարեն, պատերազմից հետո տպավորիչ արագությամբ նոր առասպելներ են արմատավորվում։ Իսկ հասարակության մի զգալի մասը հաշիվ չի պահանջում դրանց վաճառականներից։ Ոչ միայն հաշիվ չի պահանջում, նրանց պաշտպանում է կրծքով։ Առասպելների վտանգների մասին զգուշացրած ու զգուշացնող մարդկանց էլ շարունակում է անարգանքի սյունին գամել սադիստական հաճույքով։

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031