Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը բողոք էր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ: Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բողոքի քննությունն էր:

Հիշեցնենք, որ փաստաբանները ՀՔԾ և Դատախազություն էին դիմել Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքի ուղիղ եթերում արած հայտարարությունների հետ կապված, որտեղ նա ասել էր. «Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետևից, էսօրվա դեբոշերների հետևից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից։ Գնալու ենք Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետևից։ Էդ հայրենիքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են: Բացառված է»:
Կարդացեք նաև
Փաստաբանները գտնում են, որ Փաշինյանի գործողություններում առկա են եղել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը: Բացի այդ, ՀՀ ՔՕ 226, 332 եւ այլ հոդվածներով հատկանիշներ:
ՀՔԾ-ի եւ դատախազության ներկայացուցիչները դատական նիստին չէին ներկայացել, նիստը կայացավ նրանց բացակայությամբ:
Խուդոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով սկսեց սպառնալ ցուցարարներին, ցույցերի կազմակերպիչներին՝ մեղադրելով նախկին իշխանություններին ու խոսելով նրանց թալանի մասին. «Ես բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի: Այս կոռուպցիոներ ստահակ օլիգարխների հետ, այո, մենք ճիշտ չենք վարվել: Էս երկիրը թալանածներին, զինվորի հացը, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»,- ասել էր Փաշինյանը:
Խուդոյանը ներկայացրեց, թե ինչ է սպառնալիքը, որը մարդկանց մոտ կարող է առաջացնել վախի, տագնապի զգացողություն ու Փաշինյանի արարքը տեղավորեց 137 հոդվածի հատկանիշների մեջ: Նա նաեւ դիտավորության մասին խոսեց. «ՀՀ վարչապետը իր լիազորության շրջանակներում վերահսկողություն ունի ուժային կառույցների նկատմամբ, ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաշվետու են նաեւ իրավապահ մարմինները, հստակորեն առանձնացնում է հասարակության այն ներկայացուցիչներին, ումից պետք է վրեժ լուծել: Ավելին՝ Փաշինյանը ոչ միայն ինքն է պատրաստվում վրեժ լուծել իր տիրապետության ներքո գտնվող մեծ ռեսուրսի կիրառմամբ, այլ նման կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ըստ էության հրահրելով քաղաքացիական պատերազմ ու տարածելով ատելության խոսք: Վարչապետը լիովին անտեսում է օրենքի վրա հիմնված կառուցակարգերը, կոչ անում վրեժ լուծել, վենդետա իրականացնել»:
Խուդոյանը նաեւ մեջբերեց Փաշինյանի սպառնալիքներն ու արտահայտությունները՝ ուղղված դատավորներին:
Ամփոփելով՝ Խուդոյանն ասաց, որ քննիչ Կոնստանդյանն իր որոշումը չի պատճառաբանել, նշել է, որ նյութեր են նախապատրաստվել, բայց այդ նյութերը թե ինչքանով են վերաբերվել հաղորդման բովանդակությանը, որեւէ կերպ պատճառաբանված չէ:

Լսելով բողոքաբերներին՝ դատավորն ասաց, որ ՀՔԾ-ն ու Դատախազությունը գործի հետ կապված նյութերը, այդ թվում՝ մերժման որոշումն ու դրա հիմնավորումը չեն ուղարկել դատարան:
Դատական նիստը հետաձգվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































