Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան․ Առաջարկում ենք տարանջատել վարչապետի ընտրությունները խորհրդարանի ընտրություններից

Փետրվար 09,2021 15:57

«Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, մեզ համար ազգային աղետ է»,- Ազատության հրապարակում՝ ժողովրդավարական ուժերի հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ նման պարտությունից հետո բնական անհրաժեշտություն կա նորացնել կառավարությունը․ «Վերլուծելով քաղաքական իրավիճակը երկրում պատերազմի ժամանակ՝ մենք եկանք եզրակացության, որ երկրում տեղի է ունեցել իշխանության մեծագույն կուտակում վարչապետի ձեռքում։ Եվ այն ժամանակ, երբ հարկավոր էր, որ խորհրդարանը գործի որպես քաղաքական մարմին, այն չի գործել։ Ողջ իշխանությունը գտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, և այն կարևոր որոշումները, որոնք հարկավոր էին ընդունվել պատերազմի ժամանակ քաղաքական տիրույթում այն է՝ Արցախի Հանրապետության ճանաչումը, տեղի չունեցան»։

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ այն հարցին, թե ով պետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետը, պետք է պատասխանի ժողովուրդը․ «Մենք առաջարկում ենք տարանջատել վարչապետի ընտրությունները խորհրդարանի ընտրություններից, որովհետև տեսել ենք՝ ինչ աղետալի հետևանք է դա ունեցել մեզ համար ամենածանր պատմական վիճակում, երբ զրկված ենք եղել քաղաքական աշխատանք կատարելուց։ Այսօր մենք հանդես ենք գալիս առաջարկով` այնպիսի սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնք հնարավորություն կտան շտկել այդ կառավարման համակարգի բացերը։ Իսկապես մեզ հարկավոր է իշխանությունների հստակ տարանջատում։ Գործադիր իշխանությունը և օրենսդիր իշխանությունը պետք է անջատ լինեն։ Օրենսդիր իշխանությունը պետք է իսկապես հարթակ լինի Հայաստանում բոլոր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացման համար, ինչը մենք այսօր Հայաստանում չունենք, և օտարված է այսօր խորհրդարանը մեր ժողովրդից։ Օտարված է այսօր իշխանությունը ժողովրդից, ինչպես և դա եղել է, ցավոք սրտի, նախորդ ժամանակներում, այնպես էլ հեղափոխությունից հետո պահպանվել է իրավիճակը։ Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են, և մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, սահմանադրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեր ժողովրդին ինքնուրույն ընտրել վարչապետին և բացի այդ՝ ինքնուրույն ձևավորել խորհրդարան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728